Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղության պայմանագրին․ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությանը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղության պայմանագրին․ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությանը

2021-07-15 14:48 , Политика, 1009

Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղության պայմանագրին․ Փաշինյանը՝ Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին, մինչդեռ, Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ապրիլի 13-ի հայտարարությունը։ Այդ մասին այսօր, կառավարության նիստի մեկնարկին, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեջբերելով համանախագահների հայտարարությունը․

«Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա:

Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների»:

Փաշինյանը հիշեցրեց, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այդ հայտարարության մեջ և որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝

1․ժողովուրդների ինքնորոշում,

2․ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում,

3, տարածքային ամբողջականություն։

«Համանախագահների այս հայտարարությունը, այսպիսով, ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը, կրկնում եմ, ողջունել է այս հայտարարությունը ու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին, և ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ Եւ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն, անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։

Հարգելի գործընկերներ, եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ, Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե ո՞վ, որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը: Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները, կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ և սա մեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է:

Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի և Հավաքական անվտանգության պայմանագրի մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ»,-ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Ելույթի մասնրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ երեկ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, սակայն Հայաստանից այդ առնչությամբ պաշտոնական պատասխան չկա, իսկ ոչ պաշտոնական խողովակներով իրենց հասած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանը պատրաստ չէ դրան:

Նա սպառնացել է, թե «Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ... Հակառակ դեպքում՝ կզղջա»։

Բաքվի բռնապետը միաժամանակ հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանն իրենց պատմական հողերն են, և իրենք վերադառնալու են այդ տարածքներ։

Лента

Рекомендуем посмотреть