6 տարի ազատազրկում, պատժի կրումից հետո՝ արտաքսում․ Բաքվում ևս 13 հայ գերի է դատապարտվել - RadioVan.fm

Онлайн

6 տարի ազատազրկում, պատժի կրումից հետո՝ արտաքսում․ Բաքվում ևս 13 հայ գերի է դատապարտվել

2021-07-23 16:20 , Право, 1106

6 տարի ազատազրկում, պատժի կրումից հետո՝ արտաքսում․ Բաքվում ևս 13 հայ գերի է դատապարտվել

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Ազադ Մեջիդովի նախագահությամբ,այսօր շարունակվել է 13 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական նիստը, հայտարարվել է դատաքննության ավարտի մասին։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռազմագերիներ Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը սահմանն անօրինականորեն հատելու և անօրինական զենք կրելու մեղադրանքով դատապարտվել են ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։

Դատախազը, նշենք, նրանցից յուրաքանչյուրի համար պահանջել էր յոթ տարվա ազատազրկում և հետագայում արտահանձնում։

Հայ ռազմագերիները պատիժը կկրեն ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատավճռի համաձայն՝ պատժի կրումից հետո հայ գերիները պետք է Ադրբեջանից արտաքսվեն։

Նշենք՝ երեկ ևս Բաքվի դատարանը, «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեղադրանքով, 6 տարվա ազատազրկման է դատապարտել ևս 13 հայի՝ Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում 2020-ի դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայող գերեվարվեց։ Բաքուն նրանց նկատմամբ շինծու քրեական գործեր է հարուցել, մեղադրական վճիռներ կայացրել։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ հայ ռազմագերիների ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են։ Նա ընդգծել է առանց որևէ նախապայմանի բոլոր գերիների անհապաղ ազատ արձակման ու հայրենիք վերադարձվելու անհրաժեշտությունը։

Лента

Рекомендуем посмотреть