Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել

2017-04-10 12:00 , Медицина, здоровье, 1593

Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում է կատարվել

Այսօր Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի՝ արյունաստեղծ ցողունային բջիջների երկու փոխպատվաստում՝ ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում»:

Հայաստանի բժշկագիտության ոլորտում տեղի ունեցած աննախադեպ այս իրադարձությունը կատարվել է Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, ճանաչված պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի և արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի ջանքերով։

Հիվանդներից մեկը Արցախից է, մյուսը՝ Հայաստանից:

«Միելոմայով հիվանդ 50-ամյա արցախցի կնոջ կյանքը երկարացնելու միակ հնարավորությունը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր, ինչը որ հաջողությամբ իրականացվել է»,-փոխպատվաստման բուն գործընթացի ավարտից անմիջապես հետո լրագրողներին ներկայացրել են պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը և հայ տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:

Գերմանացի գիտնականը շնորհավորել է հայ գործընկերներին արյան չարորակ հիվանդությունների բուժման նորագույն մեթոդը հայաստանյան կլինիկայում ներդնելու համար։ «Առաջիկայում կլինեն բարդություններ, դժվարություններ, բայց մենք կշարունակենք համագործակցությունը և հեռաբժշկության միջոցով կշարունակենք ողջ գործընթացի հսկողությունը»,-ընդգծել է նա:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարևորել է, որ հայկական արյունաբանության ոլորտում նոր էջը բացվում է Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող կլինիկայի և գիտնականի մասնակցությամբ։ Ի դեպ, հայ տրանսպլանտոլոգների թիմը վերապատրաստվել է հենց Էպենդորֆ համալսարանական կլինիկայում` պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերի ղեկավարությամբ։ Նա երախտիքի խոսքեր հղեց ՀՀ կառավարությանը, առողջապահության նախարարությանը և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին` Արյունաբանական կենտրոնի արդիականացման, արյան չարորակ հիվանդությամբ տառապողներին նորագույն մեթոդով հայրենիքում բուժվելու հնարավորություն ստեղծելու և առաջին փոխպատվաստումներն իրականացնելու համար։

«Երևանն արդեն նշված է աշխարհի տրանսպլանտ քարտեզի վրա, և մենք ունենք բոլոր հնարավորությունները այլ երկրներից ևս հիվանդներ բուժելու»,-ասել է Սմբատ Դաղբաշյանը։

Ի դեպ, 20 տարվա ընթացքում 5 հազար փոխպատվաստում իրականացրած գերմանացի պրոֆեսորը համոզված է, որ ելքը մեծապես կախված է հիվանդի ռիսկից ու տրամադրվածությունից։

Հայաստանում փոխպատվաստման կարիք ունի տարեկան մոտ 60 հիվանդ: Ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստումն իրականացվում է մի շարք արյունաբանական հիվանդությունների` սուր լեյկոզների, լիմֆոմաների, որոշ տեսակի սակավարյունությունների, ինչպես նաև կրծքագեղձի, սերմնարանի քաղցկեղի, նեյրոբլաստոմայի, բնածին և ձեռքբերովի իմունային անբավարարության, ժառանգական մետաբոլիկ հիվանդությունների բուժման ժամանակ` հիվանդության որոշակի փուլերում:

Բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլով։ Դրանում ներառվում է քիմիաթերապիայի նախապատրաստական անցկացումը, ոսկրածուծի ստիմուլյացիան, ցողունային բջիջների հավաքագրումը, դրանց մշակումը, սառեցումը, հիվանդների դեղորայքային նախապատրաստումը և ցողունային բջիջների փոխպատվաստման բուն գործընթացը: Թանկարժեք նյութերի և նորագույն սարքավորումների կիրառություն պահանջող այս գործընթացը կարող է տևել 1 ամիս:

Ժամանակակից այս մեթոդի ներդրումը բուժման արդյունավետությունը կբարձրացնի նաև բժշկության մի շարք այլ ոլորտներում` ակնաբուժություն, նեյրովիրաբուժություն, ռեգեներատիվ բժշություն:

Лента

Рекомендуем посмотреть