«Երբ հաջողվեց տեղաշարժել վագոնները՝ մտածում էի՝ կարողացա անել դա հանուն իմ եղբայրների»․ սևանցի մարզիկը նոր ռեկորդը նվիրել է 44-օրյայի նահատակներին - RadioVan.fm

Онлайн

«Երբ հաջողվեց տեղաշարժել վագոնները՝ մտածում էի՝ կարողացա անել դա հանուն իմ եղբայրների»․ սևանցի մարզիկը նոր ռեկորդը նվիրել է 44-օրյայի նահատակներին

2021-08-27 18:27 , Спорт, 2481

«Երբ հաջողվեց տեղաշարժել վագոնները՝ մտածում էի՝ կարողացա անել դա հանուն իմ եղբայրների»․ սևանցի մարզիկը նոր ռեկորդը նվիրել է 44-օրյայի նահատակներին

Ուժային եռամարտ մարզաձևում աշխարհի կրկնակի չեմպիոն, Հայաստանի «Դյուցազնագրքի» եռակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը մեկն է այն հազարավոր հայորդիներից, որի՝ 2020-ի պլանները, աշնանն Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով՝ խաթարվեցին։

Պարապմունքները, նոր ռեկորդներ սահմանելու մտադրությունը հետին պլան մղվեցին․ երիտասարդը կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։

Շատ խոսել, պատմել այդ օրերի մասին՝ Վարազդատը չի ցանկանում, համեստորեն ասում է՝ առանձնապես բան չի արել։ «Ռադիո Վան»-ի հետ զրույցում միայն ասաց, որ մոտ մեկ ամիս եղել է Քարվաճառում, ապա ուղարկել են հետ՝ թոքաբորբով հիվանդանալու պատճառով։

Սևանցի 32-ամյա մարզիկը, ով նաև միջազգային կարգի սպորտի վարպետ է, այս ամիսների ընթացքում իր մեջ ուժ է գտել շարունակելու պարապմունքներն ու, դեռ նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին ռեկորդ սահմանելու մտադրությունը՝ իրականացրել այս տարվա օգոստոսի 25-ին։

Վարազդատը, ով կշռում է ընդամենը 65 կիլոգրամ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Սևան կայարանում մեկ ձեռքով տեղաշարժել է գնացքի՝ 84 տոննա քաշով 4 վագոն՝ իր ռեկորդը նվիրելով Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին (զոհվածների թիվը օգոստոսի 26-ի դրությամբ, հաստատված մահվան վկայականներով, 3777 է), որոնց թվում է նաև իր հորեղբոր տղան՝ Շուշիի մարտերում զոհված Ոստիկանության զորքերի ծառայող Էդվարդ Հակոբյանը։

«Այն ժամանակ մտածում էի՝ պետք է ռեկորդ սահմանեմ ու վերջ, բայց պատերազմը, դրա հետևանքով ունեցած կորուստները պարտավորեցրին, ուժ տվեցին շարունակել սպորտի ոլորտում աշխատանքը, նոր ռեկորդ սահմանել ու այն նվիրել մեր հերոս տղաներին։ Երբ հաջողվեց տեղաշարժել վագոնները՝ մտածում էի՝ ես կարողացա անել դա հանուն իմ եղբայրների»,-պատմում է Վարազդատը՝ անկեղծանալով, որ շատ մարդու չի տեղեկացրել ու որևէ լրատվամիջոցի չի հրավիրել լուսաբանման՝ իր նպատակը չնսեմացնելու, այն գովազդի առիթ չծառայեցնելու համար։

Վարազդատի ռեկորդը կամրագրվի Հայաստանի ռեկորդների «Դյուցազնագրքում»։

«Այն նաև Գինեսի գրքի արժանի ռեկորդ է, արդյունքը կուղարկվի հանձնաժողովին՝ այդ գրքում ևս ամրագրելու համար»,-ասաց Վարազդատը։

Մարզիկը խորին շնորհակալություն է հայտնում «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությանը՝ աջակցություն ցուցաբերելու համար, իսկ իր բոլոր հաջողությունների համար շնորհակալ է մարզիչներ Աշոտ Փիլոսյանին, Յուրիկ Սարգսյանին, օրերս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակված Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանին, Սևանի համայնքապետին, ՀՀ Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանին և իր կողքին գտնվող ու իրեն հավատացող բոլոր մարդկանց:

Հավելենք՝ նախկինում նաև 17 տոննա կշռող վերամբարձ կռունկ տեղաշարժած Վարազդատ Հակոբյանը առաջիկայում պլանավորում է նաև ինքնաթիռ տեղաշարժել։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть