ՀՀ կառավարությունը մշակել է Քաշաթաղի շրջանից տեղահանվածների՝ շուրջ 950 ընտանիքի բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիր - RadioVan.fm

Онлайн

ՀՀ կառավարությունը մշակել է Քաշաթաղի շրջանից տեղահանվածների՝ շուրջ 950 ընտանիքի բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիր

2021-09-07 19:13 , Политика, 889

ՀՀ կառավարությունը մշակել է Քաշաթաղի շրջանից տեղահանվածների՝ շուրջ 950 ընտանիքի բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիր

ՀՀ կառավարությունը մշակել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիր, որի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 27.09.20 թ. սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքներին։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ նշելով, որ, կարևորելով հանրության և հատկապես պոտենցիալ շահառուների կարծիքը, ծրագրի նախագիծը դրվել է հանրային քննարկման։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման՝ e-draft.am միասնական հարթակում տեղադրված նախագծի համաձայն՝ Ծրագրի իմաստով շահառուն ԼՂՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» N 121 որոշմամբ հաստատված՝ վերաբնակեցման գրքույկ ստացած և ԼՂՀ-ում բնավորման մասին պայմանագիր կնքած, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին Քաշաթաղում փաստացի բնակված, Քաշաթաղում սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք ունեցած ընտանիքն է, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, որը դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում չունի սեփականության իրավունքով (անկախ բաժնեմասի չափից) իրեն պատկանող բնակելի նշանակության անշարժ գույք։

Պարտադիր բնակության պահանջը տարածվում է ընտանիքի բոլոր անդամների վրա։ Ընտանիքի բացակա անդամները դիտվում են շահառու և ընդգրկվում են տվյալ ընտանիքի կազմում, եթե նրանց բացակայությունը պայմանավորված է բուժման կամ ուսման կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության հետ։

Աջակցությունը տրամադրվում է՝

-Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն (այսուհետ՝ երկուսը միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերող շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը.

-Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը.

-Արցախի Հանրապետությունում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 15 մլրդ դրամի չափով:

Ծրագրի շրջանակներում դիմումներն ընդունվելու են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։

Նախագծի մանրամասները՝ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո տուն ու տեղ կորցրած Քաշաթաղի շրջանի բնակիչներն հունվարի 29-ից պարբերաբար հավաքվում են ՀՀ կառավարության շենքի առջև՝ բարձրաձայնելով իրենց թափառական լինելու մասի, քանի որ «իրենց տուն ու ունեցվածքը մնացել է թշնամուն»։

Իրենց խնդրով քաշաթաղցիներն այս ընթացքում հանդիպումներ են ունեցել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պաշտոնյաների հետ։

Հիշեցնենք՝ համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ Քաշաթաղի շրջանը (Լաչին) 2020-ի դեկտեմբերի 1-ից հանձնվել է Ադրբեջանի վերակսկողությանը։

Համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրած տվյալների՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանվել է շուրջ 950 ընտանիք (3600 անձ), որոնց բնակարանային ապահովության խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть