Եռամսյա հավաքների 6 մասնակցի կողմից պարտականությունները խախտելու մասին տվյալներ են ստացվել, 1 քրգործ հարուցվել է․ Դատախազություն - RadioVan.fm

Онлайн

Եռամսյա հավաքների 6 մասնակցի կողմից պարտականությունները խախտելու մասին տվյալներ են ստացվել, 1 քրգործ հարուցվել է․ Դատախազություն

2021-09-15 16:44 , Право, 221

Եռամսյա հավաքների 6 մասնակցի կողմից պարտականությունները խախտելու մասին տվյալներ են ստացվել, 1 քրգործ հարուցվել է․ Դատախազություն

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներն ընթանում են պատշաճ մակարդակով, զորակոչվող քաղաքացիները պատշաճ կերպով ներկայանում են զինվորական ծառայության վայրեր, նրանց կողմից դրսևորվում է բարձր պատասխանատվություն և քաղաքացիական գիտակցություն, իսկ զինվորական ծառայության դեմ հանցավոր վարքագծի՝ լայն մտահոգության տեղիք տվող միտումներ չեն արձանագրվել:

Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ միաժամանակ նշելով, որ այս ընթացքում ստացվել են ընդամենը 6 անձի կողմից առերևույթ ծառայողական պարտականությունների չկատարման հետ կապվածխախտումների մասին տվյալներ:

«Դրանց կապակցությամբ նախապատրաստված նյութերից 2-ով վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել են հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, իսկ մեկով ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է մեկ քրեական գործ՝ մեկ անձի վերաբերյալ: Երեք դեպքով նյութերի նախապատրաստումը շարունակվում է»,-մանրամասնում են դատախազությունից՝ տեղեկացնելով՝ զորահավաքային զինվորական ծառայությունը, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, զինվորական ծառայության տեսակներից է, և զորահավաքի միջոցով տվյալ դեպքում եռամսյա վարժական հավաքների համար զորակոչված անձանց համար սահմանված են նույն իրավունքները, պարտականությունները, ինչպես նաև քրեաիրավական պատասխանատվության միջոցները, որոնք նախատեսված են նաև հիմնական զինվորական ծառայողների համար:

Ըստ այդմ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, ծառայության չներկայանալու, հավաքի մասնակիցների կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու յուրաքանչյուր դեպք արժանանալու է քրեաիրավական գնահատականի:

Նշվում է, որ եռամսյա հավաքների շրջանակներում ՀՀ զինվորական դատախազության դատախազները հանդիպումներ են անցկացնում զորակոչված բոլոր պահեստազորայինների հետ՝ նրանց մանրամասն իրազեկելով իրենց կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների, հնարավոր հանցավոր բնույթի վարքագծի, դրանց քրեաիրավական հետևանքների մասին, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին:

Հիշեցնենք՝ պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով Հայաստանում եռամսյա վարժական հավաքները մեկնարկել են օգոստոսի 25-ից և կշարունակվեն մինչև նոյեմբերի 25-ը։

Այսօրվանից՝ սեպտեմբերի 15-ից էլ եռամսյա նոր վարժանքներ են սկսվում: Տեղեկացվել է, որ դրանցում կներգրավվի մինչև 869 քաղաքացի։

Лента

Рекомендуем посмотреть