Չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին ազատելու օրինական հիմք չկա. Ժորա Սարգսյան - RadioVan.fm

Онлайн

Չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին ազատելու օրինական հիմք չկա. Ժորա Սարգսյան

2021-09-22 15:55 , Политика, 1074

Չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին ազատելու օրինական հիմք չկա. Ժորա Սարգսյան

«Այո, հրամանը կա, կա հրամանով հստակ նախատեսված պահանջներներ, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին աշխատակցին ազատել աշխատանքից, եթե նա, օրինակ, չի թեստավորվել։ Սա պետք է հստակ ամրագրենք։ Ավելացնեմ, որ պետությունը՝ որպես գործատու, «Հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ է շրջանառել, որով հստակ նախատեսվում են այդ կարգավորումները, համաձայն որի, եթե աշխատողը չի թեստավորվում ու օրինակ, 30 օր այդ պատճառով աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է նրան ազատել։ Եթե նախագիծն ընդունվի, ապա դրանից հետո հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու հանրային ծառայողների մասով նման կարգավորումներ կիրառել, այսինքն, ազատել աշխատանքից»,-այդ մասին այսօր «Արմենպրես»-ի մամլո սրահում հրավիրված մամլո ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Նա հավելել է, որ պետությունն իր մասով հանդես է գալիս նման առաջարկով, սակայն մասնավորի հետ կապված նման առաջարկ չի դիտարկում, քանի որ սա դիտարկվում է հանրային առողջության, ոչ թե գործատու և աշխատող իրավահարաբերությունների շրջանակում։

«Այստեղ չի դիտարկվում որպես գործատու-աշխատող իրավահարաբերություններ, որի հետևանքը լինի աշխատանքային պայմանագրի լուծումը»,- հստակեցրել է Ժորա Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Պահանջը չի վերաբերում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։

Կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոնյաների վրա։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն էլ իրազեկել է՝ Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:

Лента

Рекомендуем посмотреть