Փաշինյանը հանձնարարել է ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջի կիրարկումը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը հանձնարարել է ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջի կիրարկումը

2021-09-23 19:35 , Политика, 969

Փաշինյանը հանձնարարել է ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջի կիրարկումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը:

Առողջապահության նախարար (ԱՆ) Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում 2021թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ. ընդհանուր կատարվել է 1 669 977 թեստավորում, հաստատվել է 255 648 դեպք, բուժում է ստանում 11396 անձ, առողջացել է՝ 237 855, մահացել է՝ 5200, մահվան ելքեր այլ պատճառով՝ 1197: Երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք: Դպրոցական սեզոնի բացմամբ պայմանավորված՝ դեպքերի շարունակվող աճ է գրանցվում. հիվանդանոցային մահճակալային ֆոնդը գերլարված ռեժիմով է աշխատում, արձանագրվում է հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքների ավելացում և վերակենդանացման բաժանմունքների գերծանրաբեռնում: Այս պահին Covid-ով վարակված պացիենտներին սպասարկում է 18 բժշկական կազմակերպություն: Ունենք 25 երեխայի և շուրջ 30 հղի կանանց հոսպիտալացման դեպքեր, նրանց վիճակը գտնվում է մշտական խիստ հսկողության ներքո: Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 169 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված է 68 քաղաքացի:

Անդրադառնալով պատվաստումներին՝ առողջապահական գերատեսչության ղեկավարը զեկուցել է, որ այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը 277 000-ից ավելի է, երեկ իրականացվել է ավելի քան 9900 պատվաստում: Դրական դինամիկայի մասին է վկայում քաղաքացիների տրամադրվածությունը. ԱՆ ուսումնասիրության համաձայն՝ եթե այս տարվա մարտ ամսին մարդկանց միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստել, ապա այժմ մոտ 50 տոկոսը կողմ է արտահայտվել պատվաստվելուն:

Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը հավաստիացրել է, որ հանրապետությունում պատվաստանյութերի քանակը բավարար մակարդակի վրա է, գործընթացին զուգընթաց առկա պաշարները համալրվում են նոր խմբաքանակով:

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ անդրադարձ է եղել ԱՆ կողմից հաստատված՝ 2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական կառույցներին՝ յուրաքանչյուրն իր մասով ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի կիրարկումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այս օրենսդրական կարգավորման կարևորությունը՝ համաճարակային իրավիճակը կառավարելի շրջանակում պահելու և հանրային առողջապահական պատասխանատվություն ապահովելու համատեքստում և կարևորել այս ուղղությամբ հանրային լայն իրազեկումը:

Հիշեցնենք՝ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունքի ներկայացման պահանջը չի վերաբերվում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին, հղիներին։

Հակահամաճարակային կանոնների խախտման դեպքում կիրառվելու են վարչական վարույթներ՝ ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ 10-20 հազար դրամ տուգանք կնշանակվի, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120 հազար դրամ։

Հավելենք՝ այս պահին ՀՀ Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին աշխատակցին ազատել աշխատանքից, եթե նա, օրինակ, չի թեստավորվել կամ պատվաստվել։

Лента

Рекомендуем посмотреть