100 աղջիկ/108 տղա. Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են - RadioVan.fm

Онлайн

100 աղջիկ/108 տղա. Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են

2021-10-11 21:17 , Общество, 266

100 աղջիկ/108 տղա. Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները նվազել են

ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) հայտնում է, որ վերջին տարիներին Հայաստանում գրանցվում է սեռով պայմանավորված աբորտների նվազման միտում:

Ընդգծվում է, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` աղջիկ/տղա նորածինների հարաբերակցությունը պետք է լինի 100/106:

«Հայաստանում 2008-ից 2012 թվականներին հարաբերակցությունը եղել է 100/115: 2019 և 2020 թվականներին նկատվել է դրական միտում սեռով պայմանավորված աբորտների նվազման առումով. հարաբերակցությունը կազմել է 100/110, իսկ 2021 թվականի առաջին վեց ամսվա ցուցանիշը 100/108 է»,-տեղեկացնում են առողջապահական գերատեսչությունից՝ նշելով, որ սեռով պայմանավորված՝ սելեկտիվ աբորտների իրականացման հիմքում մեծամասամբ ընկած է ազգային մտածելակերպում արմատացած տղա երեխա ունենալու ցանկությունը, որը պայմանավորված է տոհմը շարունակելու անհրաժեշտությամբ, ժառանգ ունենալու ցանկությամբև այլն:

«Բնակչության վերարտադրման ցուցանիշների շեղումները առաջացնում են դեմոգրաֆիկ լուրջ շեղումներ, որոնցից բխում են ազգագրական, սոցիալական և մի շարք այլ հիմնախնդիրներ։

Հիմնախնդրի հաղթահարման կարևոր քայլերից է ոչ միայն օրենսդրաիրավական դաշտի կարգավորումն ու հստակեցումը, այլև աղջիկ երեխայի, կնոջ դերի ու նշանակության բարձրացումը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության ազգային մտածելակերպում: Կրթական-տեղեկատվական խորհրդատվության տրամադրումը, բարոյահոգեբանական աջակցությունը կնպաստեն կնոջ կոմից սեփական անձի արժևորմանը և գնահատմանը:

Գիտակցելով հարցի կարևորությունը՝ շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մշակվել և իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, ուղղված ինչպես բժշկական գործելակերպի փոփոխությանը, այդպես էլ հասարակության մեջ այս հարցի շուրջ կարծրատիպերի վերացմանը»,-ասված է ԱՆ տարածած հաղորդագրությունում:

«Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից»,-աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ այսօր հղած ուղերձում շեշտել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Лента

Рекомендуем посмотреть