«Կոչ ենք անում հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործնթացին»․ Համայն Ռուսիո Պատրիարքը՝ տարածաշրջանի հոգևոր առաջնորդներին - RadioVan.fm

Онлайн

«Կոչ ենք անում հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործնթացին»․ Համայն Ռուսիո Պատրիարքը՝ տարածաշրջանի հոգևոր առաջնորդներին

2021-10-14 13:47 , Политика, 872

«Կոչ ենք անում հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործնթացին»․ Համայն Ռուսիո Պատրիարքը՝ տարածաշրջանի հոգևոր առաջնորդներին

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում, տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման ու քննարկումների ավարտին, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը հանդես է եկել հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ՝ կոչ անելով հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործնթացին և թույլ չտալ արգելված զենքի գործածումը, որը սպառնալիք է խաղաղ բնակչության կյանքի համար:

Կիրիլ Պատրիարքը, մասնավորապես, ասել է․

«Քիչ առաջ ավարտեցինք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը, որը Ռուս Ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ կազմակերպվող խաղաղությանն ուղղված բանակցությունների ավելի քան երեսուն տարվա ավանդույթի շարունակությունն է:

Շնորհակալ եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ–իսլամ Ալլահ շուքյուր Փաշազադեին միմյանց հետ հանդիպելու պատրաստակամության համար և դեմ առ դեմ քննարկելու մեր երկու եղբայրական ժողովուրդներին և կրոնական համայնքներին հուզող կարևոր հիմնախնդիրները:

Մենք համոզված ենք, որ մեր կրոնները բացառիկ խաղաղասիրական ներուժ ունեն, մանավանդ այնպիսի նուրբ, զգայուն ոլորտի համար, ինչպիսին էթնիկ փոխհարաբերություններն են: Որքան էլ որ այս փուլում բարդ լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, կարծում ենք, որ հատկապես առ Աստված հավատքը և սերը կարող են օգնել ապաքինելու վերքերը, որոնք բազմամյա ողբերգական հակամարտության ընթացքում են առաջացել: Դա չափազանց դժվար ճանապարհ է: Պահանջվում է հոգևոր իմաստություն և հեռատեսություն: Կովկասը միշտ էլ հարուստ է եղել ժողովուրդների, լեզուների և մշակույթների բազմազանությամբ:

Ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար միասին ապրելուց բացի, այլ ապագա գոյություն չունի, բացի համատեղ կեցությունից: Այսօր հատկապես կարևոր է վերականգնել միմյանց նկատմամբ մարդկանց վստահությունը: Կրկին սովորել հարևանին ընդունել հարգանքով և փոխօգնության պատրաստակամությամբ:Այդպիսի վերաբերմունքի երաշխիքը հարգանքն է՝ սրբավայրերի, պատմական հուշարձանների, գերեզմանների, տարբեր կրոններ դավանող մարդկանց հոգևոր զգացմունքների նկատմամբ, հոգատար վերաբերմունքը՝ մեռածների հիշատակի նկատմամբ: Հոգևոր առաջնորդները կոչված են գործի դնելու իրենց հեղինակությունը, որպեսզի ստեղծեն և պաշտպանեն ժողովուրդների և կրոնների միջև բարի դրացիական հարաբերությունների մթնոլորտը:

Կոչ ենք անում հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործնթացին և թույլ չտալ արգելված զենքի գործածումը, որը սպառնալիք է խաղաղ բնակչության կյանքի համար:

Առաջիկայում անհրաժեշտ է ամեն կերպ խուսափել ատելության խոսքից, հակամարտության գոտում ձեռնպահ մնալ ռազմաշունչ կոչերից: Երիտասարդությանը կոչ ենք անում չտրվել ագրեսիային և արմատականությանը,նախ և առաջ փնտրել խաղաղություն: Իսկ հոգևոր առաջնորդները պատրաստ են օգտակար լինել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցմանը՝հանուն ներկա և ապագա սերունդների: Ռուս Ուղղափառ եկեղեցին աղոթում է իրեն բարեկամ երկու ժողովուրդների հաշտության համար և այսուհետև սպատրաստ է, ըստ ամենայնի, օժանդակել, որպեսզի Հարավային Կովկասում կայուն և արդար խաղաղություն թագավորի»:

Հայտնել էինք, որ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին՝ բարձրաձայնել է ռազմագերիների խնդրի, Արցախի դեմ արգելված զինատեսակների կիրառման հետևանքների մասին։

Նա ընդգծել է, թե, ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել և խաղաղություն հաստատվել,

- քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով։

- քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և երաշխավորված չէ արցախահայության անկախ կյանքի իրավունքի իրացումը։ Պետական մակարդակով հայատյացության քարոզչությունը,խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններն ու սպանությունները, այսպես կոչված Ռազմավարի պուրակը Բաքվում վկայությունն են այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող անվտանգ ապրել և գոյատևել Ադրբեջանի կազմում,

- քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր ռազմագերիները, անկախ Ադրբեջանի կողմից նրանց վերագրվող կարգավիճակից, որոնց իրական թիվը չի բացահայտվում: Մեր ունեցած տեղեկություններով անազատության մեջ գտնվող հայ գերիները հաճախ ենթարկվում են նվաստացման և խոշտանգումների, որոշ դեպքերում նաև տանջամահ արվում,

- քանի դեռ հայտնի չէ բռնի անհետացումների զոհ դարձած բազմաթիվ անձանց ճակատագիրը,

- քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ և ետ չի քաշվում գրավյալ տարածքներից,

- քանի դեռ միջազգային օրենսդրության հարգմամբ պատշաճ վերաբերմունք չի դրսևորվում համաշխարհային նշանակություն ունեցող հայկական պատմա-մշակութային ժառանգության նկատմամբ, քանի դեռ ավերվում և պղծվում են մեր աղոթատները և չեն դադարում պատմությունը կեղծելու, հայկական վանքերն ու եկեղեցիներն իրենց ինքնությունից զրկելու փորձերը, չի ճանաչվում դրանց իրավական պատկանելությունը Հայոց Եկեղեցու Արցախի թեմին և Մեր զավակները զրկված են իրենց սրբավայրերն այցելելու իրավունքից։

Лента

Рекомендуем посмотреть