Հայ գերիների վերադարձ, տրանսպորտային հաղորդակցությունների բացում, սահմանազատում․ Փաշինյանը՝ տևական խաղաղության հասնելու խնդիրների մասին - RadioVan.fm

Онлайн

Հայ գերիների վերադարձ, տրանսպորտային հաղորդակցությունների բացում, սահմանազատում․ Փաշինյանը՝ տևական խաղաղության հասնելու խնդիրների մասին

2021-10-15 23:15 , Политика, 1138

Հայ գերիների վերադարձ, տրանսպորտային հաղորդակցությունների բացում, սահմանազատում․ Փաշինյանը՝ տևական խաղաղության հասնելու խնդիրների մասին

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք աշխատում ենք բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ և հույս ունենք մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների: Սա նշանակում է, որ Հայաստանը կստանա երկաթգծային և ավտոմոբիլային կապի ճանապարհ Ռուսաստանի հետ և երկաթուղային կապ Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ երկաթգծային և ավտոմոբիլային կապ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Հայաստանի տարածքով»,-այդ մասին այսօր, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում, իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենք աջակցում ենք տրանսպորտային հաղորդակցության բացման այն սցենարները, որոնք կդառնան ոչ թե մեկուսացման և թշնամանքի, այլ խաղաղության հաստատման խորհրդանիշներ և միջոցներ:

Փաշինյանը, միաժամանակ, նկատել է, որ տնտեսական և քաղաքական խնդիրների վերաբերյալ ցանկացած առաջընթացի հասնելու համար չափազանց կարևոր է այն մթնոլորտը, որում դրանք քննարկվում են:

«Այստեղ պետք է ցավով արձանագրեմ, որ, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև պատանդներին և այլ պահվող անձանց: Սա զուտ մարդասիրական խնդիր է, և մենք հույս ունենք րոպե առաջ լուծել այն:

Այս համատեքստում, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանին այն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, որոնք տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն՝ հումանիտար վտանգ են ներկայացնում: Կան այլ գործոններ, որոնք բացասաբար են անդրադառնում մեր տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակի վրա: Մասնավորապես, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի մայրաքաղաքում, այսպես կոչված, ավարի պուրակի գոյության վրա: Նման պրակտիկա կար. այցելուները կարող էին «հիանալ մանեկեններով», որոնք պատկերում էին գերեվարված, սպանված կամ արյունահոսող հայ զինվորներին: Առավել ցավալի է, որ այնտեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ ադրբեջանցի դպրոցականների համար, ովքեր հպարտությամբ սելֆիներ են անում և տեղադրում դրանք սոցիալական ցանցերում: Օրերս մենք իմացանք, որ մանեկեններն ու մեր մահացած զինվորների սաղավարտները հանվել են պուրակից, և սա, առնվազն, վատ չէ:

Տևական խաղաղության հասնելու մեկ այլ կարևոր խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը: Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացը, և այս հարցում ակնկալում ենք նաև Ռուսաստանի և մեր մյուս միջազգային գործընկերների աջակցությունը: Այստեղ պետք է նշեմ, որ առկա խոչընդոտները հաղթահարելու համար շատ կարևոր է բարենպաստ մթնոլորտը: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն այն սահմաններում, որոնք վերջերս խախտվել են Ադրբեջանի կողմից և որտեղ գրեթե պարբերաբար կրակոցներ են հնչում: Մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի Սոթք-Խոզնավար հատվածը:

Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հատվածում իրականացնել զինված ստորաբաժանումների հայելային դուրսբերում` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը, որն օրինականորեն հիմնավորված է և գրանցված է ԽՍՀՄ քարտեզներով: Այս սահմանի երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ և/կամ միջազգային դիտորդներ: Այս սխեման ստացել է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, և մենք սպասում ենք այս ուղղությամբ աշխատանքների վերսկսմանը:

Հարգելի գործընկերներ,

Իհարկե, հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Այդ նպատակով մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Վերջին ամիսներին համանախագահներն իրենց հայտարարություններում բազմիցս նշել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Համանախագահների գործունեության համատեքստում գոհունակությամբ ենք նշում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում: Մենք ողջունում և գոհունակությամբ նշում ենք ԱԳ նախարարների երեկվա հանդիպումը, որը տեղի է ունեցել Մինսկում՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ: Կարևոր քայլ կլինի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան և Լեռնային Ղարաբաղ:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանը պատրաստ է աշխատել իմ նշած բոլոր ուղղություններով: Մենք համոզված ենք, որ այս բոլոր խնդիրների լուծումը զգալի առաջընթաց կապահովի մեր տարածաշրջանում երկարատև և տևական խաղաղության պայմանների ստեղծման գործում:

Եվ պետք է նշեմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու նպատակով խոսակցության սկիզբը ևս մեկ գործոն է, որը կարող է կատալիզատորի դեր խաղալ այս հարցում: Այս առումով, պետք է նշեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնում լիարժեք աջակցել այս գործընթացին»,-ասել է Փաշինյանը։

ՀՀվարչապետը նաև անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի՝ Հաագայի միջազգային դատարան ներկայացրած հայցերին, որոնց քննությունն այժմ սկսված է:

Փաշինյանը կարծիք է հայտնել, որ այդ գործընթացի համատեքստում կարելի է բարձրաձայնել այն բոլոր մեղադրանքները, որոնք ունի Հայաստանը, և, որ հայկական կողմը պատրաստվում է դա անել և հիմնավորել ունեցած դիրքորոշումը ԼՂ հակամարտության գործընթացում:

Лента

Рекомендуем посмотреть