Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն - RadioVan.fm

Онлайн

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն

2021-12-16 14:26 , Политика, 978

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն

«Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված՝ երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությանը։

Փաշինյանն ասել է, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում։

«Ըստ էության, այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եվ, ահա, Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը, ըստ էության, այս ամեն ինչն արձանագրվեց»,-նշել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ տեղեկացնելով, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: Ադրբեջանն երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ:

«Եթե մեզ հաջողվի որոշակի երկխոսություն սկսել և արդյունավետ երկխոսություն Թուրքիայի հետ, հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ: Այսինքն, ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի: Բայց այս ամեն ինչն ասում եմ հետևյալի համար, որ մենք պիտի սկսենք երկաթուղու շինարարությունը, իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, նախագծելու, մրցույթներ հայտարարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու: Իհարկե, այդ աշխատանքի մի մասն արդեն իսկ արված է, բայց հիմա մենք պետք է արդեն գործնական և ամենօրյա աշխատանքով լուծենք այս խնդիրը: Իհարկե, ավելի նեղ կազմով խորհրդակցություն կանենք առաջիկա օրերին, որպեսզի ավելի կոնկրետացնենք մեր պատկերացումները՝ ժամանակացույցը, «ճանապարհային քարտեզ»-ը: Եվ, իհարկե, մեր մտադրությունն է և ցանկությունն է՝ օր առաջ ունենալ այդ երկաթուղին»,-մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ չի ուզում ոչ գերագնահատել, ոչ էլ՝ թերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը։

«Սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, իհարկե, հույս ունեմ, որ ճշգրիտ ձևով կիրագործենք, որն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, նաև քաղաքական և անվտանգային միջավայրը: Եվ մենք առաջիկայում պետք է կենտրոնանք նաև այս խնդրի լուծման վրա:

Իհարկե, նաև տեղեկացրել եմ, որ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շփումները կշարունակենք՝ մեր օրակարգի հարցերի շուրջ փորձելով ձևավորել և ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ: Այսինքն՝ համաձայնեցնել և հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք առկա են»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть