Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների կիրառման դեպքերով 60 արձանագրություն է կազմվել. տուգանքի չափը 20 000-30 000 դրամ է - RadioVan.fm

Онлайн

Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների կիրառման դեպքերով 60 արձանագրություն է կազմվել. տուգանքի չափը 20 000-30 000 դրամ է

2022-01-21 01:25 , Общество, 333

Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների կիրառման դեպքերով 60 արձանագրություն է կազմվել. տուգանքի չափը 20 000-30 000 դրամ է

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները վերահսկողության իրականացման նպատակով պարբերաբար այցելել են առևտրի կետեր, բացատրական աշխատանքներ տարել տնտեսվարողների հետ՝ օրենքի պահանջը կատարելու և թույլատրելի տոպրակների օգտագործմանն անցնելու համար:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ այսօրվանից արդեն սկսել են ստուգայցերը, միկրոմետրով կատարվում են չափումներ:

Հիշեցնենք՝ 2020-ին կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:

Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել:

2022-ից ուժի մեջ մտած պահանջի համաձայն, եթե տոպրակի հաստությունը 50 միկրոնից ցածր է, ապա տնտեսվարողները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով» ենթարկվում են պատասխանատվության:

Տուգանքի չափը 20.000-30.000 դրամ է:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացրել, օրինազանցներին՝ տուգանել:

Օրվա ընթացքում կազմվել է ավելի քան 60 արձանագրություն:

«50 միկրոն և ավելի հաստությամբ տոպրակները, որոնք հնարավոր է օգտագործել բազմակի, առայժմ թույատրելի են, բայց, իհարկե, տնտեսվարողները, ժամանակի ընթացքում պետք է անցնեն այլընտրանքային լուծումների»,-ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Քաղաքապետարանից շեշտելով, որ հսկողությունը լինելու է ամենօրյա, հավելում են.

«Օրենսդրական փոփոխությունների գլխավոր նպատակը բնապահպանական խնդիրների լուծումն է: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները բնության մեջ քայքայվում են ավելի քան 400 տարվա ընթացքում: Մասնագետներն այս կերպ մտադիր են էապես նվազեցնել պոլիէթիլենի օգտագործումը»:

Лента

Рекомендуем посмотреть