«Ունեմ հաղթողի ծրագիր»․ Ռոտենբերգը՝ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ - RadioVan.fm

Онлайн

«Ունեմ հաղթողի ծրագիր»․ Ռոտենբերգը՝ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ

2022-02-04 16:32 , Политика, 528

«Ունեմ հաղթողի ծրագիր»․ Ռոտենբերգը՝ ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հայտնում են, որ նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում:

Համապատասխան հավաստագիրը Ռոտենբերգին են հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:

Կարեն Գիլոյանը նշել է՝ հայկական սպորտի և դրա զարգացման համար սա շատ կարևոր իրադարձություն է.

«Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի հետ բազմիցս զրուցել ենք այս թեմայով: Տիկին Ռոտենբերգը հանդես է եկել մարզաձևի զարգացմանը միտված նախաձեռնությամբ, արդեն ապացուցել է, որ խանդավառ աշխատանքի շնորհիվ կարող է նաև մրցումներ կազմակերպել: Իհարկե, մենք շատ ավելի էական սպասելիքներ ունենք, ու որպեսզի դրանք իրականություն դառնան, մենք պարոն Վանոյանի առաջարկով որոշել ենք որոշակի կարգավիճակ շնորհել տիկին Ռոտենբերգին, որպեսզի միջազգային ասպարեզում ևս հնարավոր լինի նպատակային և օգտակար գործունեություն ծավալել»:

Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը հասարակական, չվճարվող պաշտոն է, բայց դիրք է և երկիրն ու մարզաձևը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն:

«Երկրի սպորտի ղեկավար մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, դեմ չէ այս համագործակցությանը և համաձայն է՝ բոլոր մարդիկ, ովքեր մտածում են մեր սպորտի զարգացման մասին, ունենան որոշակի դիրք և իրենց առաքելությունը կատարեն հավուր պատշաճի՝ ի շահ և ի նպաստ հայկական սպորտի զարգացման»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:

Նատալյա Ռոտենբերգը շնորհակալություն է հայտնել վստահության և իրեն նմանօրինակ հնարավորություն ընձեռելու համար.

«Ունեմ հաղթողի ծրագիր, թե մենք ուր ենք գնալու և ինչ նպատակների ենք ձգտելու: Իհարկե, ես միայնակ չեմ կարող արդյունքների հասնել: Ունեմ թե՛ պետության, թե՛ մարզիչների և թե՛ ծնողների ու մարզուհիների աջակցությունը: Ձգտելու ենք թիմային աշխատանքի, քանի որ միայն այդպես է հնարավոր հաջողության հասնել:

Անպայման խորհրդակցելու եմ այն պրոֆեսիոնալների հետ, ովքեր ունեն փորձ: Հուսով եմ՝ իմ ծրագրին շատերը կաջակցեն, թեև գիտեմ՝ հեշտ չի լինելու: Իմ կողմից ամեն ինչ կանեմ այս մարզաձևի զարգացման համար: Կփորձեմ ներգրավել հովանավորների, աջակիցների: Մտադիր եմ նաև վերահսկել մարզումային գործընթացը: Ցանկանում եմ՝ այս տարի ավելի լավ արդյունքներ գրանցենք միջազգային հարթակներում: Այդ դեպքում կհասկանանք՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով ենք գնում: Արդեն իսկ դրական տեղաշարժ ենք նկատում. մարզուհիներն ավելի մոտիվացված են, ձգտում են չբացակայել մարզումներից, իսկ ծնողները շնորհակալություն են հայտնում՝ ասելով, որ իրենց մոտ հույս եմ արթնացրել»:

Նատալյա Ռոտենբերգը նաև նշել է, որ մտադիր է Հայաստան հրավիրել անվանի մարզուհիների, մասնավորապես՝ օլիմպիական չեմպիոնների, ովքեր մարզումներ կանցկացնեն հայ երեխաների հետ.

«2022 թվականն ինձ ու առհասարակ մեր մարզաձևի համար շատ կարևոր է լինելու: Շատ նպատակներ կան, որ այս տարի կիրականացվեն՝ ի նպաստ գեղարվեստական մարմնամարզության զարգացման»:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն էլ նշել է՝ Նատալյա Ռոտենբերգի հետ առաջին իսկ հանդիպումից զգացել է մարզաձևը զարգացնելու նրա անկեղծ մղումներն ու ցանկությունները.

«Մեր գործունեության սկզբունքներից մեկն է համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր ցանկություն կհայտնեն աջակցելու մարմնամարզությանը. պատրաստ ենք ընդունելու նրանց: Տիկին Ռոտենբերգի հետ առաջին իսկ հանդիպումից զգացել եմ մեր մարզաձևը զարգացնելու նրա անկեղծ մղումներն ու ցանկությունները: Կարծում եմ՝ նման մարդկանց անհրաժեշտ է հնարավորություն տալ»:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ Նատալյա Ռոտենբերգին ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը վստահելու թեմայով բազմաթիվ քննարկումներ է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ.

«Սա միայն իմ որոշումը չէ: Զրուցել եմ մասնագետների հետ ու լսել նրանց տեսակետները: Մեծամասնությունը կողմ է եղել այս նշանակմանը: Կարծում եմ՝ կկարողանանք զարգացնել ու առաջ տանել այս մարզաձևը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ հույս է հայտնել՝ շուտով հերթական հաղթանակի առթիվ շնորհավորելու առիթներ կունենա:

«Պետությունը կողմ է բոլոր այն գաղափարներին և համագործակցություններին, որոնք ուղղված են սպորտի զարգացմանը: Կանենք մեզնից կախված ամեն բան, բայց պետք է նշել՝ պետությունն էլ իր սահմանափակումներն ու միջոցներն ունի:

Զարգացրե՛ք սպորտն ու ինձ հնարավորությո՛ւն տվեք մեզ ու ձեզ շնորհավորելու հերթական հաղթանակի առթիվ»,- եզրափակել է Կարեն Գիլոյանը:

Հայտնել էինք, որ վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացած նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ «Ալյանս» կուսակցության կանանց միության պատվավոր նախագահ Նատալյա Ռոտենբերգին, հավանական է՝ կվստահվի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։

Лента

Рекомендуем посмотреть