Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ հայտարարում է, թե պատրաստ է քննարկել երկրի չեզոք կարգավիճակը։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Լուգանսկի արտգործնախարարի և Դոնեցկի փոխարտգործնախարարի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում։
«Նա հիմա ձեզ ուղղակի սուտ է ասում, պարզ ասած՝ ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկել չեզոք կարգավիճակը»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը՝ ընգծելով, որ Զելենսկին չի բանակցել Ռուսաստանի հետ, երբ վերջինս առաջարկներ էր ներկայացնում տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։
Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը բաց է թողել այդ հնարավորությունը։
«Անվտանգության ապահովման համար մենք առաջարկել ենք ցանկացած տարբերակ: Այդ մասին Պուտինը խոսել է Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: Նա ուղիղ ասաց. ՆԱՏՕ-ի ընդլայնումն անընդունելի է, բայց մենք ցանկանում ենք համատեղ բանակցությունների, համատեղ ջանքերի միջոցով փնտրել անվտանգության այնպիսի տարբերակներ, որոնք կերաշխավորեն համապատասխան պայմաններ, համապատասխան հնարավորություններ և պահանջներ Ուկրաինայի, եվրոպական երկրների և, իհարկե, Ռուսաստանի Դաշնության համար»,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ շեշտելով, որ Զելենսկու բաց թողնված հնարավորությունները քաջ հայտնի են, և այժմ պետք չէ այդ ամենն իրենց վրա բարդել։
Նշենք՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդարական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Կիևը պատրաստ է քննարկել չեզոքության կարգավիճակը՝ անվտանգության երաշխիքների դեպքում: