«Ստեղծագործություններում նրանց հույզերն են, ակնկալիքները»․ դատապարտյալների աշխատանքերը՝ «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» ցուցահանդեսին - RadioVan.fm

Онлайн

«Ստեղծագործություններում նրանց հույզերն են, ակնկալիքները»․ դատապարտյալների աշխատանքերը՝ «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» ցուցահանդեսին  

2022-03-11 19:37 , Общество, 1361

«Ստեղծագործություններում նրանց հույզերն են, ակնկալիքները»․ դատապարտյալների աշխատանքերը՝ «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» ցուցահանդեսին

Լուսամփոփ, գեղանկարներ, զարդատուփեր, գրչամաններ, գործված թաշկինակներ, գուլպաներ, անկողնային պարագաներ, թզբեհներ, կախազարդեր, և այլ հուշանվերներ․ մայրաքաղաքի Հանրապետության 65 հասցեի սրահներից մեկում այսօր յուրահատուկ աշխուժություն էր, «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագրի ներքո ցուցադրության ու վաճառքի էին ներկայացվել ազատազրկված անձանց ստեղծագործությունները։

«Ստեղծագործություններում նրանց հույզերն են, պատկերացումները, երևակայությունը, ակնկալիքները և, եթե աշխատանքի մեջ հասարակության որևէ անդամ դրական էմոցիա է զգում, փոխվում է ինչ-որ բան դատապարտյալի նկատմամբ, ապա, կարող ենք ասել, որ դա նպաստում է հասարակություն-ազատազրկված անձ կապի ամրապնդմանը»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ընդգծեց նախաձեռնության հեղինակ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը։

Ցուցահանդես-վաճառքին ներկայացված աշխատանքների գները սահմանել էին հեղինակները, որոնց և փոխանցվելու է հասույթը։

«Կարևոր է, որ այս միջոցով դատապարտյալները հաղորդակից լինեն դրսի կյանքին, ազատության մեջ գտնվողներն էլ՝ հաղորդակից լինեն նրանց կյանքին և կենցաղին։ Սա հնարավորություն է տալիս ապահովել կարևոր բաղադրիչը՝ դատապարտյալների վերասոցիալականացվելը»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (ԱՆ ՔԿԾ)կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը՝ նշելով, որ իրենք նախաձեռնությանն աջակցել են կալանավայրեր մուտքի ապահովման, դատապարտյալների իրազեկման հարցերում։

Պետությունը, հիշեցրեց Թադևոսյանը, որդեգրել է պատժողական քաղաքականությունից անցում դեպի վերասոցիալականացման քաղաքականություն և այսօրվա միջոցառումը դրան նպաստող կարևոր իրադարձություն է։

Ծովինար Խաչատրյանը նախաձեռնությանն անձամբ իր ներդրումը ևս ունեցավ, նա գնեց դատարպատյալներից մեկի աշխատանքը՝ գունեղ լուսամփոփ, որը, հավանաբար, տեղ կգտի կա՛մ աշխատասենյակում կա՛մ տանը։

Նշենք՝ ամենափոքր՝ 16-ամյա կալանավորված անձը ցուցահանդես-վաճառքին ներկայացրել էր կավե աղաման՝ փոքրիկ գդալով, այն ևս գտավ իր գնորդին։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող պերուացի դատապարտյալ Մարիան էլ իր ուրույն աշխատանքներն էր ներկայացրել։

Ցուցահանդես-վաճառքին, ընդհանուր առմամբ, ներկայացված էին «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների 27 դատապարտյալի, որից 3-ը՝ կին, 13-ը՝ ցմահ ազատազրկված, և 3 կալանավորված անձի, որից 2-ը՝ կին, 1-ը՝ անչափահաս, աշխատանքները։

Նրանցից ոմանք «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի գեղագիտական կրթության դասընթացների, արհեստագործական աշխատանքների մասնակիցներ էին, ոմանք էլ՝ շնորհալիներ, ովքեր ծնունդ են տալիս իրենց գաղափարներին խցային պայմաններում։

«Միջոցները, ճիշտ է, սուղ են, բայց անձինք կարողանում են իրենց ներաշխարհը ստեղծագործությունների միջոցով արտահայտել»,-նկատեց Նարե Հովհաննիսյանը։

Միջոցառմանը տիրող տրամադրությունները՝ տեսանյութում։

Հավելենք՝ ֆոտոարշավին ներկայացված էին նաև ուղերձներ պարունակող ցուցանակներ․

«Դատապարտիր արարքը, ոչ թե մարդուն», «Ձեռքս բռնիր, հասարակությու՛ն, ինձնից երես մի դարձրու», «Փոխիր վերաբերմունք, փոխիր կյանքեր», «Երբեմնի բանտարկյալ, բայց մարդ՝ ընդմիշտ»։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть