Հույս չունենք, որ Արցախը կկարողանա ապահովել մեր զարգացումը մեր իսկ հայրենիքում, ստիպված ենք քաղաքական ապաստանի խնդրանքով դիմել աշխարհի պետություններին․ տեղահանվածները նամակ հանձնեցին ՄԱԿ-ին, Ֆրանսիայի դեսպանին - RadioVan.fm

Онлайн

Հույս չունենք, որ Արցախը կկարողանա ապահովել մեր զարգացումը մեր իսկ հայրենիքում, ստիպված ենք քաղաքական ապաստանի խնդրանքով դիմել աշխարհի պետություններին․ տեղահանվածները նամակ հանձնեցին ՄԱԿ-ին, Ֆրանսիայի դեսպանին

2022-03-16 17:52 , Общество, 1138

Հույս չունենք, որ Արցախը կկարողանա ապահովել մեր զարգացումը մեր իսկ հայրենիքում, ստիպված ենք քաղաքական ապաստանի խնդրանքով դիմել աշխարհի պետություններին․ տեղահանվածները նամակ հանձնեցին ՄԱԿ-ին, Ֆրանսիայի դեսպանին

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Քաշաթաղի, Հադրութի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Քարվաճառի շրջաններից տեղահանված քաղաքացիներն այսօր բողոքի ակցիայով կրկին փողոցում էին․ կառավարության շենքի հարակից տարածք, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և Ֆրանսիայի դեսպանատան շենքեր, արտգործնախարարություն։

«Եթե մինչև այս մեր բողոքի հիմնական ուղղվածությունը Հայաստանում մնացած փախստականների սոցիալական հարցներն էին, հիմա վիճակը Հայաստանի շուրջ այնպես է ահագնանում, որ ուզում ենք այստեղ մեր բողոքի գործողությամբ մեր ձայնը հասցնենք իշխանություններին։ Երեկ թուրքերը որոշ առաջխաղացում են արել Արցախում՝ Խրամորթի ուղղությամբ։ Կարող եք ասել՝ առաջխաղացում չի եղել, բայց երբ այնտեղից կանանց ու երեխաներին հանել են, դա արդեն վախենալու բան է։ Ես ասել եմ, որ հողը պահողը կինն ու երեխան են, հողը տալու առաջին պայմանն այն է, որ, եթե կին-երեխան դուրս եկան, զինվորը հետևից փախչելու է։ Դրան գումարած մեր վիճակի ահավորությունն այն է, որ Խրամորթում մենք նույնիսկ զինվոր էլ չունենք։ Մեր դաշնակից Ռուսաստանը թույլ չի տալիս մեզ այնտեղ զինվոր պահել, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդին։ Արցախի հայերի և, ընդհանրապես, հայ ազգի ապահովության միակ երաշխավոր Հայաստանի իշխանությունը փայլուն կերպով լռում է։ Մյուս հարցը՝ Կապանի Ներքին Հանդի ուղղությամբ, ասում են, թուրքերը առաջ են եկել, չեմ կարող, աղբյուրներ չունեմ հստակ ճշտելու, բայց առանց կրակ ծուխ չի լինում»,-կառավարության շենքի առջև հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանություններն այսօր ոչ մի քայլ չեն անում առկա խնդիրները լուծելու համար։

Հավաքվածներն այնուհետ երթով շարժվեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, կազմակերպությանը փոխանցեցին հերթական նամակը՝ հստակ պահանջներով։

«Իրավիճակը, որում հայտնվել ենք, ոչ թե այն պատճառով է, որ ղարաբաղցին ունակ չէ իր ճակատագիրը տնօրինել և պատերազմել իր համար, այլ մեծապես պայմանավորված է պատերազմին ներգրավված ուժերով, նախորդ պատերազմների քայքայված տնտեսությամբ։

Եթե միջազգային հանրությունը մեր խնդրանքը չկատարի՝ կիրառելով «անջատում հանուն փրկության սկզբունքը», ապա ստիպված կլինի գործ ունենալ մի նոր փախստական համայնքի հետ։

Մենք և մեր զավակները չենք կարող կառուցել ապագա, հույս չունենք, որ Արցախի Հանրապետությունը կկարողանա ապահովել մեր քաղաքակիրթ զարգացումը մեր իսկ հայրենիքում, ստիպված ենք դիմել Եվրոպայի և աշխարհի պետություններին մեզ քաղաքական ապաստան տալու խնդրանքով։ Հուսով ենք, որ մեր այս ծայրահեղ ճիչ-խնդրանքը չի մերժվի»,-ՄԱԿ-ի գրասենյակին հղած նամակում, որն ընթերցեց Լևոն Հայրյանը, նշել էին տեղահանվածները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք՝ ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջևից այնուհետ երթով շարժվեցին դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության շենք, ևս մեկ նամակ փոխանցեցին դեսպանին, այնտեղից էլ՝ ՀՀ ԱԳՆ ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть