«Արցախցին դեռ պատերազմի արհավիրքից ուշքի չի եկել, հիմա էլ՝ նորերը»․ տեղահանվածները պահանջում են արձագանքել ադրբեջանական զավթիչների ահաբեկչական քայլերին - RadioVan.fm

Онлайн

«Արցախցին դեռ պատերազմի արհավիրքից ուշքի չի եկել, հիմա էլ՝ նորերը»․ տեղահանվածները պահանջում են արձագանքել ադրբեջանական զավթիչների ահաբեկչական քայլերին

2022-03-11 19:29 , Общество, 1234

«Արցախցին դեռ պատերազմի արհավիրքից ուշքի չի եկել, հիմա էլ՝ նորերը»․ տեղահանվածները պահանջում են արձագանքել ադրբեջանական զավթիչների ահաբեկչական քայլերին

«Պահանջում ենք ՀՀ կառավարությունից արձագանքել Արցախի տարածքում ադրբեջանական զավթիչների ահաբեկչական քայլերին, որի հետեւանքով Ստեփանակերտը եւ մյուս բնակավայրերը 3 օր է՝ գազ չունեն, ինչը նշանակում է հացի փռերը չեն աշխատում». այս պահանջով Արցախից տեղահանվածներն այսօր բողոքի ակցիայով Հանրապետության հրապարակում էին։

«Ձեռքերդ հեռու Արցախի Հանրապետությունից» գրությամբ պաստառի և Արցախի դրոշի ներքո ընթացող ակցիային նաև բարձրաձայնվեց Քարին տակ-Շուշի ճանապարհի վրա անցակետ տեղադրելու անհրաժեշտության մասին։

«Շուշի» հայրենակցական միության նախագահ Աշոտ Հարությունյանը «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարցով հարկավոր է դիմել Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարությանը՝ Բաքվից Շուշի մտնող ահաբեկիչների մուտքը և ելքը արգելելու համար:

«Թե չէ ստացվում է ռուս խաղաղապահները մեր ելումուտն են հսկում, մենք Երևանից, ասենք, ես Երևանից գնում եմ Ստեփանակերտ, խաղաղապահը կանգնեցնում է ինձ, հարցնում, թե օտարերկրյա քաղաքացի կա՞ ձեր ավտոբուսում։ Էդ հարցադրումը հարկավոր է Շուշիում անել, որ ահաբեկիչների մուտքն արգելվի։ Սա է մեր առաջարկը ՀՀ կառավարությանը»,-ասաց Աշոտ Հարությունյանը։

«Տեղից արցախցին դեռ պատերազմի արհավիրքից ուշքի չի եկել, հիմա էլ՝ նորանոր արհավիրքներ, որ արցախցին հոգեպես ճնշվի ու լքի իր հայրենի հողը։ Ես Շուշիից եմ տեղահանվել, և, բնականաբար, չունեմ էլ նման հարմարանքներ, որ, եթե գազ չկա՝ լույսից օգտվեմ։ Տղաս արդեն 3 օր է՝ տաք թեյ չի խմում, տաք ճաշ չի ուտում։ Դա բոլոր արցախցիներին է վերաբերվում»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Շուշիից տեղահանված Նունե Բալայանը՝ Հայաստանից Արցախ մտնող գազատարի խափանումը որակելով ադրբեջանական կողմից արված դիտավորյալ քայլ, սադրանք։

«Ի՞նչ է մնացել Արցախից՝ մի բուռ արցախցիներ ու ոչ ոք սրտացավ չի մոտենում, որ էդ ժողովրդին տեր կանգնեն։ Աշխարհի բոլոր պետությունների դիվանագետներին, իրավապահ մարմիններին՝«Ով արդարություն․․․քո ճակատին»»,-հավելեց տիկին Նունեն։

Նշենք՝ արդեն 4-րդ օրն է՝ Արցախը շարունակում է մնալ առանց գազի, բանակցություններն էլ՝ անարդյունք․ մարտի 8-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ անցնող գիշեր վնասվել է Շուշի-Զառիֆլու հատվածի գազատարը, խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ են ընթանում։

Երեկ՝ մարտի 10-ին, Արցախի Անվտանգության խորհուրդը հայտնեց, որ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։

Արցախի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները հայտնել էին, որ ադրբեջանական կողմը հանցավոր դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ գազի խողովակի «վթարի» վայրին։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ հայտարարել էր, որ հակառակորդի կողմից 100 000-ից ավելի մարդու նկատմամբ այդ ահաբեկչական արարքն ապացուցում է ադրբեջանական իշխանությունների մոտ խաղաղության մտադրությունների բացակայությունը և Արցախի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը:

Արցախի արտաքին գործերի նախարարությունը Բաքվի քաղաքականությունը հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է որակել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, կառավարության երեկվա նիստում զերծ մնալով գնահատականներ հնչեցնելուց, միայն ասել էր, որ «Արցախում իրադրության որոշակի լարում կա, Արցախի և միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կարգավորելու ուղղությամբ»։

Ի դեպ, հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ որոշում է կայացվել Արցախում գարնանային արձակուրդների մեկնարկը տալ մարտի 14-ից։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть