«Եկել ենք հենց Տիգրանաշենից սկսելու և ասելու՝ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու»․ Արարատից մեկնարկել է դեպի Երևան ընդդիմադիրների երկրորդ խմբի երթը - RadioVan.fm

Онлайн

«Եկել ենք հենց Տիգրանաշենից սկսելու և ասելու՝ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու»․ Արարատից մեկնարկել է դեպի Երևան ընդդիմադիրների երկրորդ խմբի երթը

2022-04-26 14:54 , Политика, 1243

«Եկել ենք հենց Տիգրանաշենից սկսելու և ասելու՝ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու»․ Արարատից մեկնարկել է դեպի Երևան ընդդիմադիրների երկրորդ խմբի երթը

Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ «օրվա իշխանությունների հեռացումը պահանջող մեր հայրենակիցների երկրորդ խումբը սկսեց իր քայլարշավը Տիգրանաշենից»։

«Բարով գաք, սիրելի՛ ընկերներ։ Շուտով Երևանը կդառնա բոլոր արժանապատիվ հայերի գլխավոր հավաքատեղին և մենք միասին կլուծենք Հայաստանի ու Արցախի առջև ծառացած գլխավոր խնդիրը։

Իսկ մինչ այդ մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում եմ մեր հաջորդ երթին։ Մեկնարկն այսօր, ժամը 18։30-ին Սասունցի Դավթի արձանի մոտից»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանը։

Նշենք՝ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից դեպի Երևան մեկնարկած ընդդիմության նախաձեռնած քայլերթին մասնակցում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը, որն ընդգծեց՝ երթը Տիգրանաշենից սկսելը խորհրդանշական իմաստ ունի։

«Այս հողը, որ վրա կանգնած ենք, Նիկոլ Փաշինյանը և իր խունտան համարում են ադրբեջանական, եկել ենք հենց Տիգրանաշենից սկսելու և ասելու՝ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու։ Քայլեթը մեկնարկելու ենք հենց այստեղից և պնդելու ենք, որ այս տարածքները, Նիկոլը և Ալիևը սա համարում են ադրբեջանական, հայկական են և մնալու են հայկական»,-պարզաբանեց Գերասիմ Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ շեշտեց՝

«Նիկոլը և իր յուրայինները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, անկլավներ՝ նկատի ունենալով նաև Տիգրանաշենը։ Ուրեմն ասում ենք՝ Տիգրանաշենն էլ է մնալու հայկական, որովհետև հայկական է, Տավուշի գյուղերն էլ են մնալու հայկական, Սյունիքից էլ որևէ բան այլևս չի զիջվելու, թող այս իշխանություններն ականջներին օղ անեն»։

Հիշեցնենք՝ երեկվանից՝ ապրիլի 25-ից, մեկնարկել են Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով ընդդիմադիր ուժերի իրազեկման գործողությունները: Երեկ առավոտյան մի խումբ իջևանցիներ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի և Ասպրամ Կրպեյանի հետ դեպի Երևան քայլարշավ են սկսել: Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից։ Երեկ «Զարթնի՛ր, լաո» կարգախոսի ներքո Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից («Լամբադա» կամրջի հարևանությամբ) մեկնարկած «Հայաստան» խմբակցության «Դիմադրություն» շարժման երթին նա հայտնեց, որ այդ վայրերնն են Տիգրանաշենը, Սարդարապատը և Բաշ Ապարանը։ ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ «առաջիկա 5 օրերի ընթացքում իրենց նպատակն է Հայաստանում ժողովրդին ոտքի կանգնեցնել»։

Лента

Рекомендуем посмотреть