«Թե՛ երկաթգիծը, թե՛ ավտոմոբիլային ճանապարհն անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով․ մենք դրան հասնում ենք»․ Ալիևը կրկին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին - RadioVan.fm

Онлайн

«Թե՛ երկաթգիծը, թե՛ ավտոմոբիլային ճանապարհն անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով․ մենք դրան հասնում ենք»․ Ալիևը կրկին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

2022-05-27 19:44 , Политика, 820

«Թե՛ երկաթգիծը, թե՛ ավտոմոբիլային ճանապարհն անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով․ մենք դրան հասնում ենք»․ Ալիևը կրկին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Այսօր՝ մայիսի 27-ին, Արցախի բռնազավթված Կովսականի (Զանգելան) շրջանում «Խելացի գյուղ» նախագծի առաջին փուլի բացման արարողությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը փորձել է խուսափել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումից, քանի որ դա ենթադրում է երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։

Ալիևն ընդգծել է, որ արդյունքում իրենք հասել են դրան և արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ։

Ադրբեջանի նախագահը, ով օրեր առաջ թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում ասել էր, թե Բրյուսելում կողմերը համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցք»-ի բացման շուրջ, կրկին բարձրաձայնել է դրա բացման հարցի մասին։

Ասելով, որ Հայաստանը միշտ փորձել է կանխել դա, Ալիևը ընդգծել է․

«Կրկին նայեք բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությունը, արդեն մատնանշվել է, որ թե՛ երկաթգիծը, թե՛ ավտոմոբիլային ճանապարհն անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով։ Այսինքն՝ մենք դրան հասնում ենք, ես էլ ասել եմ, որ հասնելու ենք»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք՝ Փաշինյան-Միշել-Ալիև մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շ Միշելի մամուլի հայտարարությունում ընդգծվել է, որ «Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Նրանք համաձայնություն են ձեռք բերելԱրևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր շրջանների միջև տարանցման ուղիների, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ»։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի՝ վերը հիշատակված հայտարարությանը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցրել է․«Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել»։

Իսկ թե Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ի՞նչ է ենթադրում՝ Գրիգորյանը պարզաբանել է

«Խոսքն այն մասին է, որ, օրինակ, Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»։

Лента

Рекомендуем посмотреть