Նմանօրինակ սադրանքներն հերթական անգամ հիմնավորում են զորքերի հայելային հետքաշման, դիտորդներ տեղակայելու անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Նմանօրինակ սադրանքներն հերթական անգամ հիմնավորում են զորքերի հայելային հետքաշման, դիտորդներ տեղակայելու անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ

2022-05-29 13:55 , Политика, 724

Նմանօրինակ սադրանքներն հերթական անգամ հիմնավորում են զորքերի հայելային հետքաշման, դիտորդներ տեղակայելու անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) խստորեն դատապարտում է մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

ՀՀ ԱԳՆ-ն, ցավակցելով ու զորակցելով զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին, տարածած հայտարարությունում ընդգծել է․

«Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք:

Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:

Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից։

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈւ ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, մինչ այժմ վերացված չեն։

Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն։

Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները»։

Лента

Рекомендуем посмотреть