Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջը, սահմանային լարվածության մեջ մեղադրել Հայաստանին - RadioVan.fm

Онлайн

Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջը, սահմանային լարվածության մեջ մեղադրել Հայաստանին

2022-09-23 18:34 , Политика, 949

Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջը, սահմանային լարվածության մեջ մեղադրել Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ջեյհուն Բայրամովն իր իրանցի պաշտոնակից Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, թե Իրանի ԱԳ նախարարին տեղեկացրել է, թե հայկական կողմն է դիմել սադրանքի։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ժամը 00:05-ից Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները: Հակառակորդը կիրառել էր նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ինտենսիվ ռազմական գործողությունները դադարեցվել էին հրադադարի մասին միջազգային գործընկերների ջանքերով սեպտեմբերի 14-ի երեկոյան 8-ին ուժի մեջ մտած պայմանավորվածության համաձայն։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2-ի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող, թիրախավորվել՝ 36 բնակավայր:

Թվերն ամրագրված են սեպտեմբերի 19-ին, վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում ընդունված հայտարարության մեջ: Այս երեքշաբթի էլ Ադրբեջանը 95 հայ զինծառայողի մարմին է փոխանցել հայկական կողմին:

Երեկ էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի վերջին հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավորապես տեղահանվել է 7600 մարդ, հիմնականում կանայք և տարեցներ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։

Հակառակորդը մի քանի ուղղությամբ մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով 10 քառակուսի կիլոմետր տարածք․ թշնամու զինված խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ. հեռավորության վրա․ այդ մասին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու նպատակով Ջերմուկ այցելած Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Նա նշել է, որ այս ուղղությամբ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ, մինչդեռ Ջերմուկ քաղաքից մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11,12 կիլոմետր։ Այս ուղղությմաբ մխրճումը, ըստ Ասրյանի, ամենախորն է։

Лента

Рекомендуем посмотреть