Հարությունյանը Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը - RadioVan.fm

Онлайн

Հարությունյանը Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը

2022-10-04 14:21 , Политика, 671

Հարությունյանը Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արայիկ Հարությունյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Կուզեի ձեզ տեղեկացնել իմ կողմից կայացված շատ կարևոր մի որոշման մասին:

Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ:

Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:

Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»,-ասված է Հարությունյանի գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի սկզբին հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու որոշման մասին՝ նշելով, որ որոշել է բնակություն հաստատել Արցախում: Ավելի վաղ գործարարը, ով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիրն է, հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով:

Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանի հետ քննարկել էր համագործակցության հեռանկարները։

Лента

Рекомендуем посмотреть