Онлайн

​Հրապարակը ցնծում է հաղթանակով  

2018-04-23 18:10 , Общество, 641

​Հրապարակը ցնծում է հաղթանակով

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ձևավորված «Իմ քայլը» նախաձեռնության համակիրները այս պահին Հանրապետության մարզերում, մայրաքաղաքի տարբեր մասերում տոնում են հաղթանակը: Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ծածանվող եռագույների ներքո հնչում է երգ ու պար, «թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած բաց ձեռքերի ծափերը:

Հրապարակ է բերվել նաև «Իմ քայլը» նախաձեռնության կարգախոսը՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» գրությամբ զարդարված տորթ, որը բաժանվելու է քաղաքացիներին:

Երիտասարդները 11-օրյա պայքարի հաղթական ավարտին նվագում երգում և պարում են:

Հիշեցնենք՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի թիմը նախաձեռնեց «Իմ Քայլը» շարժումը, որի անդամները մարտի 31-ից քայլարշավ սկսեցին Գյումրի քաղաքից՝ նպատակ ունենալով իրազեկման միջոցով ՀՀ քաղաքացիներին համախմբել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցման գաղափարի շուրջ: Անցնելով գյուղերով և համայնքներով՝ քայլարշավի 14-րդ օրում՝ ապրիլի 13-ին, մասնակիցները հասան Երևան:

«Մենք անցանք 200 կմ՝ 306 000 քայլով: Կեցցենք մենք, ժողովուրդը»,- բացականչել էր Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ մնալու է Ազատության հրապարակում՝ մինչև հանգուցալուծում՝ այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Այսօր, ժամեր առաջ, 16:10-ի սահմաններում, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տալու մասին հայտարարություն տարածեց:

Հայտարարությունում, որը հրապարակված է վարչապետի պաշտոնական կայքէջում, ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,

մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին,

կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,

դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։



Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть