«Իմ քայլ»-ի առաջնորդների ձերբակալումից հետո Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է - RadioVan.fm

Онлайн

«Իմ քայլ»-ի առաջնորդների ձերբակալումից հետո Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է  

2018-04-22 19:50 , Общество, 1406

«Իմ քայլ»-ի առաջնորդների ձերբակալումից հետո Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է

Այսօր առավոտյան ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի երթի ընթացքից քաղաքացիներին առաջնորդող պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալումից հետո՝ շարժումը նոր թափ է ստացել, մայրաքաղաքի տարբեր մասներից քաղաքացիները խմբերով երթով հասել են Հանրապետության հրապարակ, որտեղ 19:00-ին հանրահավաք է նախատեսված:

Քաղաքացիները «Ես Նիկոլն» եմ գրությամբ պաստառներով պահանջում են ազատ արձակել ձերբակալված առաջնորդներին: Հրապարակին հարող փողոցները, որոնցում այս պահին երթևեկությունը կաթվածահար է, լի են բողոքի դուրս եկած քաղաքացիներով:

Հարթակից ելույթ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կոչ արեցին ներկաներին շարունակել պայքարը՝ խաղաղ անհնազադության ճանապարհով, սադրանքներից խուսափելու նպատակով երեկոյան 22:00-ից հետո դրսում չմնալ, իսկ վաղը առավոտյան 9-ից կրկին ինքնակազմակերպվելով դուրս գալ բողոքի երթի:

Այսօր առավոտյան տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարման գաղափարի շուրջ ստեղծված «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Սերժ Սարգսյան հանդիպումը, որը պետք է ընթանար վարչապետի հրաժարականի հարցի քննարկման և անցնցում իշխանափոխության շուրջ: Րոպեներ տևած բանակցությունները, սակայն, տապալվեցին: « 7-8 տոկոս տարած խմբակցությունը ժողովրդի անունից իրավունք չունի խոսելու...այլևս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում՝ ցտեսություն», - հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ հեռանալով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցից:

Փաշինյանը հյուրանոցի առջև հավաքվածներին հայտարարեց, որ երթը շարունակվում է. ուղղությունը, ինչպես հայտարարվել էր երեկ, դեպի էրեբունի վարչական շրջան: Երթի մասնակիցները քայլեցին Տիգրան Մեծի պողոտայով: Արցախի 28/15 հասցեում ոստիկանականությունը մեծ ուժեր կենտրոնացնելով՝ թույլ չտվեց երթի մասնակիցների առաջխաղացումը դեպի Էրեբունի վարչական շրջան: Ոստիկանությունը երթի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ՝ այդ թվում՝ ձայնային նռնակներ կիրառեց: Հանրահավաքների առաջնորդներ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը ոստիկանական ուժերի կողմից հարկադրաբար հեռացվեցին հավաքի վայրից՝ «Արցախի փողոցում ապօրինի երթ անցկացնելու և զանգվածային անհնազանդությունների կոչ անելու» հիմնավորմամբ: Հիվանդանոց տեղափոխվեց 7 քաղաքացի:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть