Աղվան Վարդանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը - RadioVan.fm

Онлайн

Աղվան Վարդանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

2018-05-03 15:15 , Политика, 1767

Աղվան Վարդանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:

«Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ ՀՅ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, չնայած փաստին, որ խմբակցությունը որոշել էր ընտրել առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Պատգամավորն ընդգծեց, որ չի կարող անձնական պատասխանատվություն վերցնել և կողմ քվերակել Փաշինյանի թեկնածությանը, քանի որ «չի կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ՝ իրեն առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետևանքներով»:

Վարդանյանի հայտարությունից հետո՝ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հանդես եկավ պահանջով՝ վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть