Արեգ Գրիգի բանաստեղծությունների ժողովածուն Ֆրանսիայում արժանացել է ոսկե հուշամեդալի - RadioVan.fm

Онлайн

Արեգ Գրիգի բանաստեղծությունների ժողովածուն Ֆրանսիայում արժանացել է ոսկե հուշամեդալի

2018-05-11 19:41 , Культура, Шоу бизнес, 5327

Արեգ Գրիգի բանաստեղծությունների ժողովածուն Ֆրանսիայում արժանացել է ոսկե հուշամեդալի

Լրագրող, իրավաբան Արեգ Գրիգորյանի՝ Արեգ Գրիգի բանաստեղծությունների նորաթուխ ժողովածուն՝ «Սղագրեր»-ը, արդենիսկ նվաճումներ է գրանցում. Ֆրանսիայում գործող Bonheur Retrouvé մշակութաբարեգործական կազմակերպությունը 33-ամյա բանաստեղծի անդրանիկ ժողովածուն արժանացրել է «Տարվա լավագույն գիրք» տիտղոսին՝ շնորհելով ոսկե հուշամեդալ և վկայական:

«Գրքիս երևանյան շնորհանդեսից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցով ինձ գրեցին կազմակերպությունից՝ պատրաստակամություն հայտնելով Ֆրանսիայում ևս շնորհանդես կազմակերպել: Հրավերը չուշացավ»,-պատմում է օրերս Ֆրանսիայից վերադարձած Արեգը՝ ում առաջարկով մայիսի 5-ին կայացած շնորհանդեսը վերածվել է շնորհանդես-վաճառքի: Գրքերի վաճառքից գոյացած ողջ հասույթը նվիրաբերվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արայիկ Օրդուբեկյանի բազմազավակ ընտանիքին:

Ի դեպ՝ Ֆրանսիա մեկնելու համար Արեգը, գեթ ավիատոմսի աջակցության ակնկալիքով, դիմել է թե՛ Կրթության և գիտության, և թե՛ Սփյուռքի նախարարություններին, ինչը, սակայն, անարձագանք է մնացել: «Ինձ այդ հարցում աջակից եղավ աշակերտիս հայրը (Արեգը դասավանդում է Երգի պետական թատրոնում)»,-պատմում է երիտասարդ բանաստեղծը:

Վերը նշված պարգևը Արեգի փարիզյան միակ նվաճումը չէ. Ֆրանսիայում գործող ԱՅԲ FM հայակական ռադիոկայանի «Արևմտյան Հայաստանի արահետներով» հաղորդաշարի կողմից «Սղագրեր»-ում տեղ գտած «Մի բուռ հայրենիք» բանաստեղծությունը ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով վկայականի:

«Տպավորություններս անմեկնելի են, կրկին համոզվեցի, որ նախախնամությունը ավելի ազդեցիկ ու զորացուցիչ է, քան հորինված պատահականությունները կամ գրված ճակատագրերը: Միշտ փորձում եմ Բարձրյալի հետ խոսել, ասել, եթե քո կամոք է՝ թող լինի, քանի որ գրելը ինձ համար ինքնանպատակ չէ, ես ընդամենը միջոց եմ»,-ասում է Արեգը՝ չդադարելով կրկնել՝ «Շնորհակալ եմ, Տե՜ր, որ Զորավիգ ես լինում գրչիս…»:

Արեգը այսօր էլ շարունակում է ստեղծագործել և հարցին, թե ազդեցություն ունենու՞մ են հայաստանյան զարգացումները իր ստեղծագործությունների վրա, մասնավորապես նկատի ունենալով «թավշյա հեղափոխությունը», պատասխանում է. «Իհարկե, քանի որ ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ և ոգևորված եմ տեղի ունեցածով, ինչը ամենևին կապ չունի «իշխանություն» և «ընդդիմություն» եզրույթների հետ»:

Դեռ ավելին՝ Համաժողովրդական շարժման ալիքի ազդեցությամբ Արեգը վերախմբագրել է ավելի վաղ գրած բանաստեղծությունը, որը հետևայալ բովանդակությունն է ստացել.

Առերեսում

Այս ի՜նչ
գոյամարտ է,
սա խաղ է խարխուլ,
թե՞ նյութված է
դավերի խոտան
պայքարում ամուլ,
Թե արկած է
ու հորինված է՝
մեկ է՝ հեքիաթում այս
անհետ մոլորված է:Այս ի՜նչ

գոյամարտ է,
չես էլ հասկանում՝
սա մարդ է,
թե բեմի վիժվածք է,
ջնջված պիտակ է,
թե անդորագիր է,
Չէ՛, սա ցլամարտ է`
կարմիրն էլ
ավարտ է:

Այս ի՜նչ

գոյամարտ է,
սա կեղծ է,
թե՞ թելադրանք է
իրար հոշոտող
կյանքի դպրոցում,
սա մի դարբնոց է,
մեղքի ամրոց է,
չապաշխարված
զննդանում լքված է:

Այս ի՜նչ
գոյամարտ է,
ուր ասես հեգնանք է՝
դիմակավորված
խուլ սպանդանոց է,
Սա ինչ
մի նզովք է,
անիծված մի տուրք է,
որ ժամանակից
շուտ է հավաքվում:

Այս ի՜նչ
գոյամարտ է,
չարին հպատակ է,
ու ասես
ձեռքերն էլ
աղոթքին հակառակ է,
արևից զրկված է
ու գողացված է՝
հոգիները լերկ է
ու բանտարկված է:

Այս ի՜նչ
գոյամարտ է,
խավերի խավարտ է,
թե՞ պատրանք է,
որ չի պատկերվում
հորիզոնում պիրկ,
սա բանաձև է,
անբանի ձևն է,
չիրականացված
թատրոն է, անդեր է:

Այս ի՜նչ
գոյամարտ է,
խելքից դուրս
չար ճակատ է`
մարտերում կոփված
քծնանքին կատար,
սա վաղակատար է,
խիղճն էլ անկատար է,
անկար հագուստ է
մարմինը կամքի:

Այս ի՜նչ
գոյամարտ է,
ծախված առուծախ է՝
առատ շնորհված է
ու գռոշամղված
կյանքի այտերին,
սա որբ ապտակ է,
վարժված ավազակ է,
մի անվաստակ,
ամուլ ամբարտակ է:

Այս ի՜նչ
գոյամարտ է,
աներես տարփանք է,
սա մի թուղթուգիր է,
առօրյա անգիր է…
առերեսման ցմահ ճաղերում՝
սուտն էջակալված է,
դարը՝ զրպարտված,
պատճենահանված է,
ու ստոր-ա-
գրված…

2018-ի նոյեմբերին Արեգ Գրիգը պլանավորում է լույս ընծայել պոեմ, որը կրելու է «Քավարան» խորագիրը: Պոեմը հրատարակվելու է չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն: Մարդուն՝ իր մեղքերով և ապաշխարությամբ իր ստեղծագործությունների առանցք դարձրած երիտասարդ գրողը ցանկանում է, որ այն, իբրև հոգևոր արժեք, տեղ գտնի քրիստոնեական աշխարհում: Նա ցանկություն ունի հանդիպել Կաթողիկոսին, ստանալ բարձրաշխարհիկ հոգևորականի օրհնությունը՝ «Քավարան»-ը օրինական աղոթագիրք ներկայացնելու նպատակով, որպեսզի հավատացյալը աղոթքի պես մրմնջա.

...Երկնայի՛ն Թագավոր,

Առաջնորդ՝ Ճշմարիտ կյանքի,

Արդարագործ լուսատու՝

ճաճանչասփյուռ և խավարչական

անքակտելի

բանվածքներում,

Բաբախյուն՝

մշտնջենավոր ողորմության,

Հովիվ՝

խոտորված և կանոնավոր

մարդ արարածոց:

Սրբիր ինձ՝

կատարված,

կատավող,

կատարվելիք

աղտերի և ախտերի

անմաքրելի ու աչք կուրացնող

պղծված հետքերից,

որոնք գորշամոլ

ամբոխի նման

հետապնդում են

ամեն Աստծո օր,

որ իրեց խարդավան

առաքելությանը

հավատարիմ մնան

ու օգտագործեն ինձ՝

վերջածին մեղատանջիս...

Նշենք, որ Արեգ Գրիգ կեղծանվամբ գրական աշխարհ մուտք գործած բանաստեղծի «Սղագրեր» անդրանիկ ժողովածուի երևանյան շնորհադեսը կայացել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть