Կալանավորման պրակտիկայի բարեփոխման շրջանակում փոփոխվել կամ վերացվել է 107 որոշում - RadioVan.fm

Онлайн

Կալանավորման պրակտիկայի բարեփոխման շրջանակում փոփոխվել կամ վերացվել է 107 որոշում

2018-07-13 16:58 , Право, 1529

Կալանավորման պրակտիկայի բարեփոխման շրջանակում փոփոխվել կամ վերացվել է 107 որոշում

երջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և տարածքային ստորաբաժանումների դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվող քրեական գործերով մեղադրյալների կամ ամբաստանյալների վերաբերյալ կայացվել է կալանավորումը անազատության հետ չկապված այլ փոխանման միջոցով փոխարինելու մասին ընդհանուր 107 որոշում: Դրանցից 65-ը կայացվել է դատական քննության, իսկ 42-ը՝ նախնական քննության ընթացքում: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 13-ին կոլեգիայի նիստում հայտարարել էր, որ կալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն, նա հանձնարարել էր ամենասեղմ ժամկետներում միջազգային փորձի ուսումնասիրության հենքի վրա մշակել կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման իրավակարգավորումների՝ այդ թվում այլընտրանքային խափանման միջոցների ներդրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթ։

Ներկայացնելով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու ուղղությամբ բարեփոխումների միջանկյալ հաշվետվությունը՝ ՀՀ դատախազությունից միաժամանակ նշում են, որ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները դատարան ներկայացվեն միայն այն դեպքում, երբ փաստական տվյալներով հիմնավորվում է կալանքի հիմքերի առկայությունը: Բացի դրանից՝ ուշադրություն է դարձվում, որպեսզի խափանման միջոց կալանքի ժամկետների երկարացման դեպքերում ելակետ ընդունվի կալանավորման հիմքերի պահպանման իրական շարունակականությունը, իսկ դրա բացակայության դեպքում նախաձեռնություն ցուցաբերվի խափանման այդ միջոցը փոխելու ուղղությամբ:

«Խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման դեպքերում դիտարկվում է այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունը և, հնարավոր ռիսկերի գնահատմամբ, ավելի գործադրելի է դարձվում անձնական երաշխավորության, գրավի կիրառման պրակտիկան:

Այս գործընթացներին զուգահեռ ուսումնասիրվում են ընթացիկ բոլոր այն քրեական գործերը, որոնցով մեղադրյալների նկատմամբ կալանքը կիրառվել է որպես խափանման միջոց: Եվ բոլոր այն դեպքերում, երբ պարզվում է, որ մեղադրյալների կալանավորումը կամ կալանավորման ժամկետի երկարացումը լիովին չի համապատասխանում դատախազության կոլեգիայի որոշումներով սահմանված չափանիշներին, քննարկվում է խափանման միջոցի փոփոխության հարցը»,-տեղեկացնում են դատախազությունից:

Բացի նշվածից, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու) հատկանիշներով քննվող քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված

անձանց վերաբերյալ վերացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 243 որոշում: Արդյունքում, փաստորեն, թվով 243 քաղաքացիներ հնարավորություն են ստացել օրենքով սահմանված կարգով լուծել պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտավորության հետ կապված խնդիրները:

ՀՀ դատախազությունից հիշեցնում են, որ մշակել և հանրային քննարկման են ներկայացրել նաև այլընտրանքային խափանման միջոցների ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախագիծ:

Միաժամանակ, ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացված տեղեկատվության՝ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարներում գտնվել է 3436 անձ, որոնցից 1330-ը՝ նախնական կալանքի տակ գտնվող անձինք, իսկ հուլիսի 1-ի դրությամբ՝ 3290 (146-ով պակաս) անձ, որոնցից 1228-ը (102-ով պակաս)՝ նախնական կալանքի տակ գտնվողները:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть