«Տերյանի մահը քաղաքական սպանություն էր»․ Տերյանի պոեզիայի օրը՝ ժամանակին չբարձրաձայնվածի և չարժևորվածի մասին խոսելու առիթ - RadioVan.fm

Онлайн

«Տերյանի մահը քաղաքական սպանություն էր»․ Տերյանի պոեզիայի օրը՝ ժամանակին չբարձրաձայնվածի և չարժևորվածի մասին խոսելու առիթ  

2018-07-23 19:14 , Культура, Шоу бизнес, 3263

«Տերյանի մահը քաղաքական սպանություն էր»․ Տերյանի պոեզիայի օրը՝ ժամանակին չբարձրաձայնվածի և չարժևորվածի մասին խոսելու առիթ

«Ես եղել եմ էն երկնքի մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և, կարծես թե, այն լիքն է էն մշուշային թախիծով ու քնքուշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը»․Հովհաննես Թումանյանի՝ Վահան Տերյանի ծննդավայրի վերաբերյալ այս նկարագրությամբ համակված էին նաև բոլոր նրանք, ովքեր Գանձայում էին՝ հուլիսի 21-ին կազմակերպված Տերյանական պոեզիայի օրվա առիթով։

Ազգային գոյության, ազգային անկախության գաղափարակիր Տերյանի քնարերգության ուժով Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում կազմակերպված դաշտահանդեսը լուրթ երկնքի տակ էր համախմբել բազմաթիվ քաղաքացիների ինչպես Վրաստանից, այնպես էլ՝ Հայաստանից․ Ախալքալաքի, Նինոծմինդայի շրջանների ղեկավարները, Վիրահայոց թեմի առաջնորդը, Վրաստանում ՀՀ դեսպանը, գրողներ, պատգամավորներ, տեղի և հարևան գյուղերի բնակիչներ։

Ներկաները նշում էին, որ Տերյանական պոեզիայի օրը, որն այս տարի արդեն 52-րդն էր, ևս մեկ առիթ է բացահայտելու ժամանակին չբացահայտված քնարերգուին և ազգային գործչին։

Բնիկ գանձացի, սակրեբուլոյի՝ շրջանային ժողովի պատգամավոր Վաղինակ Ղազարյանը, ով Վահան Տերյանի ազգակիցն է, «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց․ «Տերյանը դեռ լիարժեք ճանաչված չէ, ու այսպիսի միջոցառումները առիթ են ավելի լավ ճանաչելու ու բացահայտելու նրան»:

Այդ համոզմանն է նաև Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանը, ով Գանձա էր եկել Հրազդանից և 44-րդ անգամն էր մասնակից լինում Տերյանական պոեզիայի օրվան։ «Տերյանի՝ որպես հայոց գրական լեզվի ստեղծողի վաստակը դեռևս չի արժևորվել»,-ընդգծեց նա։

Միջոցառմանը ներկա «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Շիրակ Թորոսյանի համոզմամբ էլ՝ մենք լուրջ բացթողում ունենք Տերյանին՝ որպես ազգային, պետական գործիչ ներկայացնելու և գնահատելու հարցում:

Ի դեպ՝ Շիրակ Թորոսյանը Վահան Տերյանի մահը քաղաքական սպանություն է համարում։ Պատգամավորն անցել է այն ճանապարհով, որով կյանքի վերջին օրերին գնացքով անցել է Տերյանը։ Քաղաքական գործիչը փաստում է՝ դեռ մարտ ամսին դեպի Օրենբուրգ տանող ճանապարհին զարհուրելի ձմեռ էր, մինչդեռ Տերյանը, ով հիվանդ էր թոքախատով, այդ ճանապարհն անցել էր փետրվարին։

Գանձայի և հարևան գյուղերի բնակիչների համար օրը նույնպես նշանակալի էր․ ներկաներից ոմանք արտահայտվեցին, արտասանեցին սիրելի բանաստեղծի ստեղծագործություններից։

Նշենք նաև, որ տոնական միջոցառման շրջանակում ներկաները այցելեցին Վ. Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցի, հաղորդակից եղան Սուրբ Պատարագին, այնուհետ այցելեցին Տերյանի տուն-թանգարան, որի մուտք այդ օրերին բաց է բոլորի համար։ Տունը, որում ապրել է Տերյանը, նշենք, անմխիթար վիճակում է, առաստաղը՝ անձրևներից վնասված։

Մեզ հետ զրույցում ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը վստահեցրեց՝ այժմ կազմակերպչական աշխատանքներ են տարվում և գալիք տարում այն անպայման կվերականգնվի, կարդիականացվի։

Հավելենք, որ «Տերյանի պոեզիայի օրեր»-ը ավանդաբար կազմակերպվել էր Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի շրջանի իշխանությունների ջանքերով։ Հայաստանից բազմաթիվ հյուրերի ներկայությունը տոնական միջոցառմանն ապահովեց «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть