Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ Regnum - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ Regnum

2018-08-10 14:45 , Политика, 1933

Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ Regnum

«ՀՀ-ն կցանկանար պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` փոխելով Խաչատուրովին այլ անձով, սակայն խնդիրն այն է, որ Երևանում քաղաքական իրավիճակն անկանխատեսելի է զարգանում: Ո՞վ կարող է երաշխավորել, որ Յուրի Խաչատուրովին փոխարինած անձին ևս ինչ-որ մեղադրանք չի առաջադրվի»,-գրում է «Regnum» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Գործակալությունը հիշեցնում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ինչպես հայտնել են կառավարության մամլո ծառայությունից, քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ արդիական հարցեր։ Գործակալության հաղորդմամբ՝ հարցը քննարկվել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

«Regnum»-ը նշում է, որ «ՀԱՊԿ-անդամ երկրների մայրաքաղաքներում, բացառությամբ ՀՀ-ի, կա կարծիք, որ չնայած նախագահությունը մինչև 2020թ. պատկանում էՀայաստանին, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է փոխանցել այբբենական կարգով ՀՀ-ին հաջորդող Բելառուսին, քանի որ Երևանի կողմից առաջարկված թեկնածուն չի արժանանա ՀԱՊԿ անդամ երկրների հավանությանն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի հեղինակությանը հարված է հասցվել»։

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ 2008 թվականի մարտի 1, 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ, օգոստոսի 4-ին Երևանից վերադարձել է Մոսկվա՝ անցնելով իր պարտականությունների կատարմանը ամբողջ ծավալով։

Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավը:

Հայաստանի արտգործնախարարությունը շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին, հայտնեց, որ նախաձեռնել է ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու գործընթաց։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть