Онлайн

«Պոկերի արքա» Բիլզերյանի՝ Արցախ այցի կապակցությամբ Բաքուն Վաշինգտոնին բողոքի նոտա է հղել

2018-09-05 14:58 , Политика, 677

«Պոկերի արքա» Բիլզերյանի՝ Արցախ այցի կապակցությամբ Բաքուն Վաշինգտոնին բողոքի նոտա է հղել

Ամերիկահայ Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։ «haqqin.az»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով` դիվանագետին փոխանցվել է ԱՄՆ պետդեպարտամենտին հասցեագրված բողոքի նոտա, որում ասվում է, որ Դեն Բիլզերյանը, գտնվելով «օկուպացված տարածքներում», «անօրինական գործողությունների էդիմել և ցուցադրաբար կրակել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ»:

Բաքուն բողոքի նոտայում միաժամանակ ցանկություն է հայտնել, որ ԱՄՆ կառավարությունը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի՝ հետագայում իր քաղաքացիներին Ադրբեջանի «օրենքները, անկախությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու փորձերից զերծ պահելու նպատակով»։

Հիշեցնենք՝ ամերիկահայ միլիոնատեր, պոկերի պրոֆեսիոնալ խաղացող, սոցցանցերում միլիոնավար հետևորդներ ունեցող Դեն Բիլզերյանը, եղբոր՝ Ադամ Բիլզերյանի հետ Հայաստան էր ժամանել օգոստոսի 27-ին։ Եղբայրները հայաստանյան այցի շրջանակում ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողության են մասնակցել։ Հաջորդ օրը՝ օգոստոսի, 28-ին, Դեն Բիլզերյանը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի և նրա կնոջ` երգչուհի Սիրուշոյի հետ ուղղաթիռով Արցախ էր մեկնել։ Նա այցելել էր Ստեփանակերտ, Շուշի: Դենն Արցախում այցելել էր նաև հրաձգարան և կրակել տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում նռնականետից: Հրաձգարան կատարած այցից լուսանկարներ և տեսանյութեր էր հրապարակել Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱՀ ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանը:

Օգոստոսի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Բաքուն հետախուզում է հայտարարել Արցախ այցելած Բիլզերյանի նկատմամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть