Բաղրամյանը 26-ը կրկին կլինի նախագահի նստավայրը - RadioVan.fm

Онлайн

Բաղրամյանը 26-ը կրկին կլինի նախագահի նստավայրը

2018-11-21 15:41 , Политика, 1149

Բաղրամյանը 26-ը կրկին կլինի նախագահի նստավայրը

ՀՀ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում 54 կողմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26:

«Սահմանադրորեն որպես պետության գլուխ բնորոշվող Հանրապետության նախագահին իր կարգավիճակին համարժեք նստավայրով ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է սույն օրինագիծը, որով առաջարկվում է ք. Երեւան, Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայրը փոխանցել Հանրապետության նախագահին: Զուգահեռաբար՝ որպես վարչապետի նստավայր մատնանշվում է Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեն:

Այդուհանդերձ, գործնականում հնարավոր խնդիրները բացառելու նպատակով՝ առանձին դրույթով ընդգծվում է, որ Հանրապետության նախագահի նստավայրի արարողակարգային նշանակության դահլիճներից կարող է օգտվել նաեւ վարչապետը»,-նշված է օրինագծի հիմնավորման մեջ։

Օրինագիծը խորհրդարանականներին ներկայացրած ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ «Նախատեսվել էին պաշտոնատար անձանց գործունության ապահովման դրույթներ: Վարչապետի նստավայր էր սահմանվելԲաղրամյան 26-ը, իսկ նախագահինը` Մաշտոցի 47-ը: Զուգահեռաբար, կառավարության աշխատակազմին տրամադրված էր Հանրապետության հրապարակ 1 շինությունը, հետագայում այն հանձնվեց վարչապետի աշխատակազմին: Ստացվեց, որ վարչապետն ունեցավ երկու նստավայր: Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ կարծում է, որ վարչապետըկառավարության գործունեության ղեկավարումն ու աշխատանքի համակարգումը կարող է իրականացնել մեկ նստավայրի միջոցով: Բացի այդ, մենք կարծում ենք, որ պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26-ը պետք է վերադարձնել Հանրապետության նախագահին, որը նաև Հանրապետության գլուխն է»։

Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրական փոփոխություններից հետո արդարադատության նախարարությունն այս տարեսկզբին շրջանառեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով էլ խորհրդարանական կառավարման անցում կատարած Հայաստանի վարչապետի համար տեղակայման երկու նստավայր սահմանվեց։

Հուլիսի 28-ի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Բաղրամյան 26-ի նստավայրից հրաժարվելու և ժամանակի ընթացքում այն նախագահի աշխատակազմին վերադարձնելու մասին։

«Ուզում եմ արձանագրել, որ տարօրինակ իրավիճակում ենք, երբ վարչապետը երկու շենքում է տեղակայվում։ Մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել: Հիմա կարծիքներ են հնչում, որ մենք հայտնվելով կառավարությունում՝ մոռանում ենք, թե ինչ ենք քննադատել ժամանակին։ Ամենևին էդպես չի։ Այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք»,-ընդգծել էր նա:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть