Հայաստանը՝ կայանալիք ԱԺ ընտրություններով պայմանավորված, խնդրել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը՝ կայանալիք ԱԺ ընտրություններով պայմանավորված, խնդրել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը

2018-12-04 19:12 , Политика, 1410

Հայաստանը՝ կայանալիք ԱԺ ընտրություններով պայմանավորված, խնդրել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է ընտրություններին նախապատրաստվող Հայաստանի խնդրանքով:

«Հայաստանը խնդրել է հաշվի առնել նախընտրական արշավի և դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հանգամանքը և հետաձգել գագաթնաժողովը»,-այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

Մինչդեռ, նշենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադառնալով կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ ասել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն առաջարկել է և ինքն էլ համաձայնվել է՝ գագաթնաժողով չանել, աշխատանքային կարգով քննարկել լուծումը (դաշինքի գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի առնչությամբ-խմբ․), որից հետո պատրաստի լուծմամբ գնալ գագաթնաժողովի:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուշակովը նաև նշել է, որ կա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծելու մի քանի տարբերակ, սակայն դժվար թե մինչև տարեվերջ հաջողվի նոր գագաթնաժողով գումարել և որոշում կայացնել:

Նշենք՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին ՀԱՊԿ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում պետք է ընդունեին։

Հիշեցնենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից, երբ Հայաստանն այդ պաշտոնից հետ կանչեց իր ներկայացուցչին՝ Յուրի Խաչատուրովին, ում մեղադրանք է առաջադրված 2008-ի մարտի 1, 2-ին Հայաստանում Սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Այդպիսով, Խաչատուրով այդ պաշտոնում աշխատեց մեկ ու կես տարի, մինչդեռ Հայաստանի ներկայացուցչի՝ այդ պաշտոնում մնալու ժամկետը 2020 թվականն էր․ ռուսական լրատվամիջոցները գրեցին՝ «Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»։

Նոյեմբերի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Ըստ էության, նա էլ կշարունակի կատարել գլխավոր քարտուղարի լիազորությունները։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ դիտարկվում է գլխավոր քարտուղարի թեկնածության երեք հնարավոր տարբերակ: Առաջինը, որ Վալերի Սեմերիկովը կշարունակի պաշտոնավարել մինչև 2020 թվականի մայիսը, երկրորդը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է, և երրորդ տարբերակը, որն ըստ Ուշակովի պնդել է հայկական կողմը, կրկին Հայաստանի ներկայացուցչին ընտրելն է, ով կպաշտոնավարի մինչև 2020 թվականի մայիսը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть