«Հայաստանը ոչ մի խնդրանքով ոչ մեկի չի դիմել»․ Փաշինյանը հակադարձում է Ուշակովին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը ոչ մի խնդրանքով ոչ մեկի չի դիմել»․ Փաշինյանը հակադարձում է Ուշակովին

2018-12-05 13:41 , Политика, 1519

«Հայաստանը ոչ մի խնդրանքով ոչ մեկի չի դիմել»․ Փաշինյանը հակադարձում է Ուշակովին

ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Մետրոպոլիտենում քարոզարշավի շրջանակում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ ասել է, որ Հայաստանը ոչ մի խնդրանքով ոչ մեկի չի դիմել։

«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ լրագրողներին Արենի գյուղում։ Հայաստանը ոչ մի խնդրանքով ոչ մեկի չի դիմել։ Մենք ասել ենք, որ ունենք մեր թեկնածուն, և մենք հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»,-մետրոյի «Երիտասարդական» կայարանում լրագրողների հետ զրույցում ընդգծել է Փաշինյանը։

Նշենք, Նիկոլ Փաշինյանը կիրակի օր Արենիում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ ասել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն առաջարկել է և ինքն էլ համաձայնվել է՝ գագաթնաժողով չանել, աշխատանքային կարգով քննարկել լուծումը (դաշինքի գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի առնչությամբ-խմբ․), որից հետո պատրաստի լուծմամբ գնալ գագաթնաժողովի:

Նշենք՝ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, թե «Հայաստանը խնդրել է հաշվի առնել նախընտրական արշավի և դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների հանգամանքը և հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը», որը նախանշված էր դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում։ Գագաթնաժողովին ՀԱՊԿ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում պետք է ընդունեին։

Հիշեցնենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից, երբ Հայաստանն այդ պաշտոնից հետ կանչեց իր ներկայացուցչին՝ Յուրի Խաչատուրովին, ում մեղադրանք է առաջադրված 2008-ի մարտի 1, 2-ին Հայաստանում Սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի արած հայտարարության համաձայն՝ դիտարկվում է գլխավոր քարտուղարի թեկնածության երեք հնարավոր տարբերակ: Առաջինը, որ Վալերի Սեմերիկովը (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալն է-խմբ․) կշարունակի պաշտոնավարել մինչև 2020 թվականի մայիսը, երկրորդը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է, և երրորդ տարբերակը, որն ըստ Ուշակովի պնդել է հայկական կողմը, կրկին Հայաստանի ներկայացուցչին ընտրելն է, ով կպաշտոնավարի մինչև 2020 թվականի մայիսը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть