Տակտ, էթիկա, ազնվություն․ ԿԳՆ մշակած «Մանկավարժի վարքականոն» նախագծի հանրային քննարկմանը հաշված օրեր են մնացել - RadioVan.fm

Онлайн

Տակտ, էթիկա, ազնվություն․ ԿԳՆ մշակած «Մանկավարժի վարքականոն» նախագծի հանրային քննարկմանը հաշված օրեր են մնացել

2019-01-15 18:14 , Образование, 4333

Տակտ, էթիկա, ազնվություն․ ԿԳՆ մշակած «Մանկավարժի վարքականոն» նախագծի հանրային քննարկմանը հաշված օրեր են մնացել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է ուսուցչի վարքի կանոններ, որի նպատակն է «սահմանել ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները, նպաստել կրթական գործընթացներում երեխաների իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, կարգավորել ուսուցչի հարաբերությունները սովորողների, ծնողական համայնքի, մանկավարժական համակազմի հետ, նպաստել ուսուցիչների մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատիվը բարձր պահելուն»:

Կրթական գերատեսչության պաշտոնական կայքում նախորդ տարվա դեկտեմբերին 27-ին հանրային քննարկման ներկայացված «ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ»/էթիկայի նորմերը/ նախագիծը բաց կլինի քննարկման ևս5 օր։

18 էջից բաղկացած նախագծում մանրակրկտորեն ամրագրված է, թե ինչ պետք է անի և ինչ չպետք է անի ուսուցիչը՝ ավարտին սահմանելով նաև օգտագործված եզրույթների բացատրությունը։

«ՈՒՍՈՒՑՉԻ ԱՆՁՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՈՃԸ» բաժնում, օրինակ, ամրագրված է․

-Ուսուցիչը պետք է նվիրված լինի իր աշխատանքին, բարձր պահի մանկավարժի մասնագիտության վարկանիշը եւ մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։

-Պետք է պահանջկոտ լինի սեփական անձի նկատմամբ, լինի բարեխիղճ ու պարտաճանաչ, շարունակ ձգտի ինքնակատարելագործման, իր գործունեությամբ լինի դրական օրինակ աշակերտների համար։

-Պետք է հետեւողականորեն զբաղվի ինքնակրթությամբ, աշխատի իր որակավորման բարձրացման ուղղությամբ եւ որոնի աշխատանքի ավելի արդյունավետ մեթոդներ։

-Ուսուցիչը պետք է լինի ազնիվ եւ օրինապահ քաղաքացի։ Նրա համար պետք է անթույլատրելի լինի կոռուպցիան եւ պետք է զերծ մնա ինչպես կաշառք վերցնելուց, այնպես էլ որեւէ մեկին կաշառք տալուց։

-Ուսուցիչը պետք է ունենա լեզվական բարձր մշակույթ, բացառի այլոց ինքնասիրությունն ու մարդկային արժանապատվությունը վիրավորող բառերի եւ արտահայտությունների կամ ժեստերի գործածությունը, զերծ մնա գռեհկաբանությունից եւ ժարգոնից:

-Ուսուցիչը պետք է հետեւի իր արտաքին տեսքին եւ հագուստին՝ նախընտրելով ուսումնական գործընթացը չխանգարող պատշաճ ոճ եւ ձեւ։

Նախագծի՝ «ՈՒՍՈՒՑԻՉ - ԱՇԱԿԵՐՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»-ին վերաբերող բաժնում ամրագրվում է, որ.

-Ուսուցիչն աշակերտների հետ իր հարաբերությունները պետք է կառուցի փոխադարձ հարգանքի վրա։ Նա պետք է հարգի աշակերտների անհատականությունը՝ անկախ նրանց տարիքային եւ անձնային առանձնահատկություններից, դավանանքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ծնողների ունեցվածքի, հասարակական դիրքի կամ որեւէ այլ կարգավիճակի հետ կապված հանգամանքից։

-Ուսուցիչը պետք է նպաստի սովորողների մեջ դրական անձնային հատկանիշների եւ միջանձնային որակների զարգացմանը, այդ թվում՝ ինքնուրույնության, ինքնավերահսկման, ինքնակրթության, համագործակցելու եւ ուրիշներին օգնելու պատրաստակամությանը եւ այլն։

-Ուսուցիչը պետք է հարգի իր սովորողների մտքի, խղճի եւ դավանանքի ազատությունը, պատշաճ ուշադրություն դարձնի նրանց արտահայտած կարծիքներին ու հայացքներին եւ նրանց չպարտադրի իր սեփական հայացքները, դասընկերների ներկայությամբ չհասցնի անձնական վիրավորանքներ կամ մատնանշի նրա անձնային բացասական կողմերը:

-Ուսուցիչը պարտավոր է գաղտնի պահել սովորողի մասնավոր կյանքի անձեռնմխելիությանն առնչվող տեղեկությունը, ինչպես նաեւ նրա կողմից իրեն վստահված գաղտնիքը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Սովորողի անձին վերաբերող տեղեկությունը ուսուցիչը կարող է օգտագործել բացառապես ի շահ սովորողի:

-Ուսուցիչը պետք է մեկնաբանի իր նշանակած գնահատականները, իսկ սխալ գնահատում հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես ուղղի գնահատականը:

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть