Онлайн

«Թումանյանը բոլորովին աղքատ մարդ չի եղել»․ գրողը Փաշինյանի Դսեղի ելույթը երբևէ ունեցածներից ամենավատն է համարում

2019-02-20 17:09 , Культура, Шоу бизнес, 222

«Թումանյանը բոլորովին աղքատ մարդ չի եղել»․ գրողը Փաշինյանի Դսեղի ելույթը երբևէ ունեցածներից ամենավատն է համարում

Գրողների միության անդամ, գրող Արփի Ոսկանյանի դիտարկմամբ՝ Դսեղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը երբևէ ունեցած ամենավատ ելույթն էր։

«Նախ, Թումանյանը բոլորովին աղքատ մարդ չի եղել, սերել է բավականին հարուստ գերդաստանից, որը գյուղում իշխանության համար մրցակցող երկու գերդաստաններից մեկն է եղել։ Երկրորդ՝ Թումանյանը հնարավորություն է ունեցել ծխական դպրոցից զատ նաև Ջալալօղլու, ապա Ներսիսյան դպրոցը հաճախելու, նաև հետագայում, արդեն Թիֆլիսում նրա տանը հաճախակի քեֆեր են եղել, նույնիսկ Տերյանն է բանաստեղծություն գրել այդ քեֆերի մասին․ «Այստեղ միշտ քեֆ ու հանդես է, կեցցե մեր Օհաննեսը․․․»,-գրողը ֆեսբուքյան իր էջում վարչապետի ելույթի տեքսում որոշ խմբագրումներ ու շտկումներ է արել։

«Թումանյանն ունեցել է հովանավորներ, դրանցից մեկն էլ նրա քահանա եղբայրն է եղել, որ հայտնի էր իր կիսագողական պահվածքով, համենայնդեպս գյուղի բնակիչները տանուտեր Պետրոս Վանյանի գլխավորությամբ անգամ պատվիրականություն են ուղարկել Հովհաննես Թումանյանի մոտ՝ Ռոստոմից բողոքելու։ Իհարկե, բարդ ժամանակներ են եղել, սով է եղել, ու էդ դժվարություններից անմասն չի մնացել նաև Թումանյանը։

Նաև չէր կարող նյութապես շատ հարուստ լինել գրականությունն ընտրած ու տասը երեխա ուեցող մարդը։ Բայց Թումանյանին անհամեմատ քիչ են նյութական դժվարություններ բաժին հասել, քան տասնյակ այլ գրողների, որ ապրել են նույն շրջանում։

Ինձ ազնիվ չի թվում նրան ներկայացնել որպես ի սկզբանե տրված աղքատությունը հերոսաբար հաղթահարած սուպերհերոսի և նրա անունից կոչեր անել ժողովրդին։

Ու ընդհանրապես արդեն հարկ է սահմանափակել աստվածաշնչյան մոտիվների շահարկումը։ Շատ ճակատային է և էթիկապես անընդունելի։ Իհարկե, ազատ ստեղծագործողը, գրողը, նկարիչը ամեն ինչ կարող է իրեն թույլ տալ, կարող է իրեն Հիսուսի տեղն էլ դնել, կարող է բոլորովին մերկ փողոց դուրս գալ, բայց երկրի ղեկավարը, իմ կարծիքով, պիտի ավելի զգույշ լինի արքետիպերը խաղարկելիս։

Իսկ առհասարակ, ավելի լավ է հանգիստ թողնել դրանք»,-եզրափակել է գրառումը Արփի Ոսկանյանը։

Հիշեցնենք, նախօրեին Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ Դսեղում կայացած միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշել էր.

«Նա գյուղացի մի պատանի էր, մի երիտասարդ, միջին, նույնիսկ կարելի է ասել աղքատ մի ընտանիքից, նա մի մարդ էր, որ ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որևէ ժամկետ:

Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես Արարատ, որպես անհաս մի բարձրություն, բայց նա մի մարդ էր, ով իր ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները՝ աղքատություն, սով, անփողություն, ապրելու անհնարինություն ու կյանքն ամեն վայրկյան փորձել է կոտրել նրան, փորձել է սպանել նրան և ցածրացնել կենցաղի մեջ, ռուբլու մեջ, կոպեկի մեջ, մի կտոր հացի մեջ:

Եվ ի՞նչ է արել Թումանյանը, ի՞նչպես է հասել դրան: Միայն մի բանով, միայն ինքն իրեն հավատալով, միայն կրթության հետևելով: Նույնիսկ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, կիսատ է թողել կրթությունը և գնացել աշխատելու, չարքաշ աշխատանքով է ապրել, չարքաշ կյանքով է ապրել: Չի ունեցել ոչ մի օգնություն, հակառակը, ուրիշներն են իրենից օգնություն հայցել և նույնիսկ շատ դեպքերում դսեղցիներն էլ են նեղացել, ասել են չի օգնում մեզ, մտածելով` Թումանյանը, որ Թումանյան է՝ աշխարհի բոլոր–բոլոր հնարավորությունները նրա ձեռքում են:

Եվ ահա այս ամենը ծանրացել էր մարդու ուսերին և ինչո՞ւ նա չի կոտրվել, որովհետև նա հավատացել է իր ուժին: Այն ժամանակ, որ թվում է` պետք է ծնկեր, ինչպես Հիսուս Քրիստոսն անդամալույծին ասել է՝ վեր կաց և քայլիր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վեր կաց և քայլիր, և նա վեր է կացել և քայլել։

․․․Ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ, Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես, դու մուրացիկ չես, վեր կաց և քայլիր, վեր կաց և քայլիր»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть