Առաջարկից՝ գործնական քայլեր․ ՀՀ օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարվել - RadioVan.fm

Онлайн

Առաջարկից՝ գործնական քայլեր․ ՀՀ օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարվել

2019-02-21 15:23 , Политика, 1263

Առաջարկից՝ գործնական քայլեր․ ՀՀ օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարվել

Չնայած դեռ օրեր առաջ «Իմ քայլը» դաշինքի անդամների՝ մասնավորապես դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցի պնդումներին, թե երկրի որևէ խորհրդանիշի փոփոխության հարց օրակարգում չունեն, այդուհանդերձ, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նախօրեին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց, որ աշխատանքային խումբ է ստեղծել, որն էլ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա տեքստերի մրցույթ է հայտարարում։

Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝ աշխատանքային խմբի /համալրվող/ կազմում այս պահին ներառված անձինքն են․

1․ Դանիել Երաժիշտ՝ դիրիժոր, երաժշտագետ,

2․ Տեր Ասողիկ՝ հոգևորական,

3․ Արամ Սաթյան՝ Կոմպոզիտորների միության նախագահ,

4․ Ալեն Սիմոնյան՝ ԱԺ նախագահի տեղակալ,

5․ Էդվարդ Միլիտոնյան՝ Գրողների միության նախագահ,

6․ Նիկոլայ Կոստանդյան՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն,

7․ Արմինե Գրիգորյան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն,

8․Հենրիկ Հովհաննիսյան՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր,

9․ Ֆելիքս Բախչինյան՝ գրականագետ,

10․ Դավիթ Գյուրջինյան՝ Լեզվի պետական կոմիտեի նախագահ։

Տեքստերի մրցույթի վերջնաժամկետ նախանշվել է ապրիլի 30-ը, որից հետո աշխատանքային խումբը կամփոփի մրցույթի արդյունքները, ՀՀ-ում կհնչի նոր օրհներգի տարբերակը, որը Ալեն Սիմոնյանը չի պատրաստվում ԱԺ օրակարգ մտցնել:

«Այն կհանձնվի հանրությանը, կմնա ժողովրդի գլուխներում, երբ ժամանակը գա՝ այդ թեմային նորից կվերադառնանք»,-նշում է Ա․ Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը ավելի վաղ հանդես էր եկել օրհներգը փոխելու վերաբերյալ առաջարկով, որը ինչպես համակիրներ, այնպես էլ քննադատներ ունեցավ։ Սիմոնյանը, նշենք, ուզում է, որ «Մեր հայրենիքի» փոխարեն հնչի Արամ Խաչատրյանի հեղինակած երաժշտության հիման վրա գրված Խորհրդային Հայաստանի օրհներգը՝ պատճառաբանությամբ, որ գործող օրհներգի երաժշտությունը հայկական չէ։

Մինչդեռ, Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, երաժշտական արխիվի երաժշտական բաժնի պատասխանատու Մարինե Մուշեղյանը պատգամավորի պնդումներին հակափաստարկներ է ներկայացրել՝ արխիվային նյութերի հիման վրա հայտարարելով, որ ՀՀ գործող օրհներգի երաժշտությունը նոտագրվել է դեռ 1879-ին և առկա է Եզնիկ քահանա Երզնկյանցի գրքում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть