ՀՀ գերիների և պատանդների հարցերով հանձնաժողովը Կարեն Ղազարյանի հարցով ակնկալում է միջազգային հանրության պաշտպանությունը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ գերիների և պատանդների հարցերով հանձնաժողովը Կարեն Ղազարյանի հարցով ակնկալում է միջազգային հանրության պաշտպանությունը

2019-02-28 15:01 , Право, 2034

ՀՀ գերիների և պատանդների հարցերով հանձնաժողովը Կարեն Ղազարյանի հարցով ակնկալում է միջազգային հանրության պաշտպանությունը

«Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող, առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 2013 թվականից համապատասխան բուժհաստատությունում հաշվառման մեջ գտնվող Կարեն Ղազարյանին որպես հայկական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ ներկայացնելն ակնհայտորեն ուղղված է եղել նրան ազգային պատկանելության հիմքով քրեական հետապնդման ենթարկելու և արդյունքում տևական ժամանակով ազատազրկման դատապարտելու նպատակով արհեստական հիմքերի ստեղծմանը»,-այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը՝ խստորեն դատապարտելով անցած տարվա հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և նրա նկատմամբ շինծու մեղադրանքով քրեական հետապնդումը, որի արդյունքում Ղազարյանը երեկ ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման:

«Առանց ապացույցների կամ դրանց ակնհայտ կեղծմամբ Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացված անհիմն քրեական հետապնդումը և հետագա դատապարտումը վկայում են վերջինիս՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի առանձին բաղադրիչների ակնհայտ խախտումների մասին: Ընդ որում, նման իրավիճակը վկայում է նաև Կարեն Ղազարյանի նկատմամբ՝ նրա ազգային պատկանելության հիման վրա իրականացվող անհիմն քրեական հետապնդման, հետևաբար նաև՝ խտրականության արգելքի խախտման մասին»,-ասված է հայտարարությունում։

Մարդու իրավունքների նման ակներև խախտումների փաստը, ըստ հանձնաժողովի, «լուրջ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ հանրությանը՝ ձեռնարկելու համար հնարավոր բոլոր միջոցները՝ Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության համար»:

Հիշեցնելով նախկինում Ադրբեջանում հայտնված ազգությամբ հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և այդ անձանց հետագա ճակատագիրը, հանձնաժողովը ակնկալում է ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային, տարածաշրջանային և ունիվերսալ այլ մարմինների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածությունը` Կարեն Ղազարյանի անվտանգությունը և իրավունքներն ապահովելու նպատակով:

«ԵԽ-ի և ՄԱԿ-ի անդամ հանդիսացող Ադրբեջանի՝ նման հայատյացությամբ և ռասիզմով համեմված վարքագիծը լկտի ցինիզմի դրսևորում է իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների և ողջ միջազգային հանրության հանդեպ, որը պետք է համահունչ արձագանքի արժանանա միջազգային հանրության կողմից:

Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշպանության բոլոր միջազգային միջկառավարական և ոչ կառավարական կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում հաստատակամորեն հետամուտ լինել Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանը:

Միևնույն ժամանակ, Հանձնաժողովն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ կայացված դատավճիռը սահմանափակում է Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնվածքաղաքացիական անձանց և զինծառայողներին միմյանց արտահանձնելու քաղաքական հանձնառության տեսական հնարավորությունը»,-նշված է հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть