Չտրվեք կառավարության հակահարվածի ուժը ծնոտներիդ զգալու գայթակղությանը․ Փաշինյանը նախկին օլիգարխներին զգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

Չտրվեք կառավարության հակահարվածի ուժը ծնոտներիդ զգալու գայթակղությանը․ Փաշինյանը նախկին օլիգարխներին զգուշացնում է

2019-04-04 15:25 , Политика, 1290

Չտրվեք կառավարության հակահարվածի ուժը ծնոտներիդ զգալու գայթակղությանը․ Փաշինյանը նախկին օլիգարխներին զգուշացնում է

«Որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ կարողանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել՝ սխալվում են։ Բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ՝ մեր բարեկրթությունը որևէ մեկը թող չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ՝ շատ դաժան հակահարված կստանան անձնապես, բոլորը, առանց բացառության։ Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը իր ծնոտին զգալու»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազալցակայաններում գազի թանկացման շուրջ երեկվանից շրջանառվող տեղեկություններին։

Նշենք՝ վարորդները բողոքում են, որ գազը խմ-ի փոխարեն կգ-ով վաճառելու հետևանքով նախկինից մի քանի հարյուր դրամ ավել են վճարում։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար այսօր կառավարություն է հրավիրվել Շուկայի վերհսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

«Գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7․1, բայց վերջին օրերին այդ խտությունը աճել է՝ դառնալով 7,9,-ասել է Կոտոլյանը՝ մանրամասնելով,-պետք է տնտեսվարողները ծրագրային անհրաժեշտ փոփոխություն կատարեին, ինչը չեն արել։ Հետևաբար, սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել»։ Տեսչական մարմինի ղեկավարը միաժամանակ նշել է, որ իրենք պահանջել են բոլոր տնտեսվարողներից կատարել անհրաժեշտ փոփոխությունը, որպեսզի սպառողները ավել գումար չվճարեն։ Իսկ արդեն արձանագրված խնդիրը Արմեն Կոտոյլանը որակել է որպես միտումնավոր չարաշահում։

«Իսկ հնարավո՞ր է գազալցակայանների տերերը փորձում են այդ տարբերակով, պրովոկատիվ գործողություններով արձագանքել ստվերիկրճատմանն ու չարաշահումների դեմ պայքարին ուղղված կառավարության վերջին մեկ տարվա քայլերին»-Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը Անանյանը տեսականորեն հնարավոր է համարել։

«Ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել և պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ»,-արձագանքել է Նիկոլ Փաշինյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть