Ձեր բալիկին մանկապարտեզում հերթագրեք առցանց՝ արդեն այսօրվանից - RadioVan.fm

Онлайн

Ձեր բալիկին մանկապարտեզում հերթագրեք առցանց՝ արդեն այսօրվանից

2019-04-18 14:28 , Общество, 1303

Ձեր բալիկին մանկապարտեզում հերթագրեք առցանց՝ արդեն այսօրվանից

Արդեն այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց։ Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ դա mankapartez.yerevan.am կայքի նոր հնարավորությունն է, որը թույլ է տալիս ծնողներին տնից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխային Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում:

«Ունենալով ցանկացած սարք, որով կարելի է մուտք գործել համացանց` հեռախոս, պլանշետ, թե համակարգիչ, մեր քաղաքացին ունենում է հնարավորություն գրանցելու երեխային մանկապարտեզում: Գործընթացը ձեզնից կարող է խլել 3-4 րոպե: Քաղաքային իշխանությունը սրանով ևս մեկ քայլ է անում՝ հեշտացնելու մեր քաղաքացիների առօրյան»,-ասել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ «երբ հերթագրման գործընթացը փակ էր, և դրանք տեղի էին ունենում չակերտավոր ետնաբեմում, հազարավոր քաղաքացիներ տեղեկություն չէին ունենում, թե ինչպես է կատարվում հերթագրման գործընթացը, ովքեր են այն մարդիկ, որոնք օգտվում են արտոնություններից, իրենց երեխայի հերթը երբ է հասնելու»։

Մանկապարտեզում հերթագրման առցանց դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել կայքում` ներկայացնելով էլեկտրոնային հասցե և բջջային հեռախոս, որին ուղարկվելու է գրանցումը հաստատող կարճ հաղորդագրություն: Օգտագործելով Ձեր գաղտնաբառը՝ կարող եք արդեն որպես օգտատեր սկսել հերթագրումը:

«Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է մուտքագրել երեք տվյալ՝ երեխայի ծննդյան վկայականի հերթական համարն ու սերիան, տրման ամսաթիվը, նաև երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը: Կատարվում է ստուգում, որից հետո անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզն ու կցել ծնողի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի պատճենները և հաշվառումը վկայող փաստաթղթի պատճենները, որոնք կարելի է լուսանկարել հեռախոսով»,-նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ ծրագրի ղեկավար Սոնա Մանուկյանը:

«Հայտն ուղարկվում է մեր կենտրոն և աշխատանքային 2 օրվա ընթացքում այն հաստատվում է: Եթե առաջանում են հարցեր, ապա հետադարձ կապով ճշտվում են քաղաքացիների հետ: Այստեղ ամենակարևոր գաղափարն ի՞նչն է՝ ծնողն աշխատանքային 2 օր անց տեսնում է իր երեխայի անունով արդեն հերթական համարը: Այն ծնողը, որը մուտք է գործել իր տվյալներով, միայն ինքն է տեսնում իր երեխայի անուն-ազգանունը. մնացած բոլոր երեխաների տվյալները թաքցված են: Միայն հերթական համարն է: Ավելի թափանցիկ մեթոդ երբևէ չի եղել»,-նշել է Սերգեյ Հարությունյանը:

Երեխայի հերթի մասին տեղեկատվությունը կստանաք զանգի, էլեկտրոնային փոստի կամ ծրագրում ներառված մյուս գործիքների միջոցով:

Ո՞ր տարիքից է կատարվում հերթագրումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և հաճախ տրվող այլ հարցերի պատասխանները ևս կգտնեք mankapartez.yerevan.am կայքում: Այստեղ կարելի է տեղեկատվություն ստանալ նաև հերթագրված երեխաների թվի մասին:

Նշվում է, թեպետ առցանց գրանցումը կհեշտացնի քաղաքացիների հոգսն ու կխնայի նրանց ժամանակը, քաղաքապետարանի գլխավոր նպատակն է՝ վերջնականապես լուծել խնդիրը, չունենալ մանկապարտեզներում հերթեր և ստեղծել հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար:

Հիշեցնենք՝ երեխաների հերթագրումը մանկապարտեզներում ավելի թափանցիկ դարձնելու նպատակով քաղաքային իշխանությունները mankapartez.yerevan.am կայքի գործարկման մասին հայտարարեցին ս․թ․հունվարի 31-ին։

Лента

Рекомендуем посмотреть