Հայկական կոնյակը, գինին կարտահանվի Չինաստան, չինական վերելակներն էլ կբերվեն Հայաստան - RadioVan.fm

Онлайн

Հայկական կոնյակը, գինին կարտահանվի Չինաստան, չինական վերելակներն էլ կբերվեն Հայաստան

2019-05-16 12:14 , Политика, 1166

Հայկական կոնյակը, գինին կարտահանվի Չինաստան, չինական վերելակներն էլ կբերվեն Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ, քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում արդյունաբերության, ինչպես նաև ֆինանսների ու ներդրումների ոլորտներում գործունեության իրականացմամբ: Նրանք նշել են նաև, որ պատրաստ են Չինաստան ներմուծել հայկական կոնյակ, գինի, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ, նաև պատրաստակամություն են հայտնել Հայաստանում հիմնել վերելակների արտադրություն: Այդ նպատակով MZTL ընկերությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել վերելակների փոքր խմբաքանակ` դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Փաշինյանն առաջարկել է նշված ընկերությունների ներկայացուցիչներին Հայաստանի կառավարության ոլորտային պատասխանատուների հետ քննարկել համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Մեղրիի ազատ տնտեսական գոտում չինական ընկերությունների գործունեության հեռանկարները: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը դիտարկում է որպես հաղորդակցության և տրանսպորտային միջանցք և ուրախ է, որ ՉԺՀ կառավարությունը հետաքրքրված է նաև այդ ծրագրի իրականացման գործում համագործակցությամբ:

ՉԺՀ այցի ավարտին վարչապետ Փաշինյանը հարցազրույցներ է տվել նաև չինական առաջատար «Սինխուա» լրատվական գործակալությանը և CCTV հեռուստաընկերությանը, իսկ Երևան վերադառնալուց առաջ այցելել է նաև ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանություն:

Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Չինաստան ավարտվել է, գործադիրի ղեկավարը, ընդհանուր առմամբ, գոհունակություն է հայտնել այցի արդյունքներից։

Лента

Рекомендуем посмотреть