Սոթքի հանքը կիսով չափ ընկնում է մեր, կիսով չափ՝ Ադրբեջանին հանձնվող տարածքում. Տիրան Խաչատրյան - RadioVan.fm

Онлайн

Սոթքի հանքը կիսով չափ ընկնում է մեր, կիսով չափ՝ Ադրբեջանին հանձնվող տարածքում. Տիրան Խաչատրյան

2020-11-27 12:27 , Политика, 1126

Սոթքի հանքը կիսով չափ ընկնում է մեր, կիսով չափ՝ Ադրբեջանին հանձնվող տարածքում. Տիրան Խաչատրյան

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում ուշ գիշերին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ ներկայացնելով հանքավայրի ու պետական սահմանի գիծը պատկերող քարտեզը, ըստ որի՝ հանքի մի մասը՝ դեպի արևմուտք, Հայաստանի տարածքում է, դեպի արևելք՝ Քարվաճառի, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Ըստ պայմանավորվածության՝ հայկական զինված ուժերը և տարածքի ազգաբնակչությունը պետք է Քարվաճառի շրջանից նոյեմբերի 25-ին ամբողջությամբ դուրս եկած լինեին, որն իրականացվել է: Զորքերի հետ կապված աշխատանքներն իրականացվել են, դրանք իրականացվել են նախապես պլանավորված բնույթով և ճշգրիտ ժամանակացույցով: Լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիներն անցել են հայկական տարածք, մտել են ադմինիստրատիվ կառույցներ, գրավել են, հայտարարություններ հնչեցին, թե Սոթքի ոսկու հանքավայրում այլևս ոչ մեկը չի աշխատելու: Մեր կողմից կարող է ասվել, հաստատվել, որ այդպիսի հարցեր չեն առաջացել, նման իրավիճակ չի եղել»,-պնդել է Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ՝ հանքը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տվյալ տարածքի պաշտպանության համար. պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա անցակետ էր տեղադրվել։

«Ադրբեջանական զորքերը Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակոցներին, ուղեփակոցին, խնդիր են բարձրացրել, որ դա իրենց տարածքն է ու այդ տարածքից, այն ուժերը, որոնք պահպանություն են իրականացնում, պետք է դուրս գան»,- պատմել է գեներալ-լեյտենանտը` հավելելով, որ հայկական կողմը տեղեկացրել է ռուսական կողմին, այնուհետև ռուսական կողմը պահպանության գոտուց դուրս է բերել համապատասխան անձնակազմը, իսկ իր ունեցած տեղեկություններով՝ Քարվաճառի դարպասները չեն կոտրվել, բացվել են։

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը նաև նշել է, որ որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր, չունենք նաև որևէ տեղ և դիրք, որ գտնվի սահմանից հետ:

Հարցին, թե, արդյո՞ք, հստակեցված է՝ ով է այսուհետև շահագործելու ամբողջ հանքը՝ Տիրան Խաչատրյանն ասել է, թե հանքի շահագործող լինելու է հանքի տերը, իսկ հետո ինչ կլինի՝ չի կարող ասել:

Խաչատրյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական զինված ուժերը հանքի տարածքով անցնող եզրագծով արդեն տեղադրել են երեք դիրք, իսկ մեր կողմից դիրքերն արդեն տեղադրված են, մեր վերահսկողության տակ գտնվող տարածքում անվտանգությունն ապահովված է, անհանգստանալու խնդիր չկա:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ Շաքե Իսայանը և Թագուհի Թովմասյանը ահազանգել էին թշնամու կողմից Քարվաճառի դարպասները կոտրելու և Սոթքի ոսկու հանքավայրի տարածք հասնելու մասին: Ադրբեջանցի զինվորականների՝ Սոթքի հանքավայր ներխուժելու և աշխատակիցներից տարածքը ազատել պահանջելու վերաբերյալ լուրերը ՀՀ պաշտպանության նախարարությունը, վարչապետի մամուլի խոսնակը հերքել էին:

Ավելի ուշ պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ, սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։

Лента

Рекомендуем посмотреть