Արցախի և Մայր Հայաստանի միավորման պատմական որոշումից 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար». Արցախի ՄԻՊ-ը Լաչինի հանձնման մասին - RadioVan.fm

Онлайн

Արցախի և Մայր Հայաստանի միավորման պատմական որոշումից 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար». Արցախի ՄԻՊ-ը Լաչինի հանձնման մասին

2020-12-01 11:54 , Политика, 1126

Արցախի և Մայր Հայաստանի միավորման պատմական որոշումից 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար». Արցախի ՄԻՊ-ը Լաչինի հանձնման մասին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը կեսգիշերն անց ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է.

««Խորհրդանշականորեն» Արցախի և Մայր Հայաստանի միավորման վերաբերյալ պատմական որոշումից 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար»...

Ինձ համար սա ոչ միայն ազգային, այլ նաև անձնական դժբախտություն է, քանի որ հայրս՝ Արտյոմ Սուրենի Բեգլարյանը 28 տարի առաջ զոհվել է Քաշաթաղի հյուսիսային բնակավայրերի ազատագրման ժամանակ, այն բնակավայրերի, որոնք այսօր հանձնվում են գերության: Անկախ այս միջանկյալ զարգացումից, որը խստորեն տարբերվում է մեր նահատակների երազանքներից, միևնույն է՝ ես հպարտ եմ իմ ընտանիքի զոհաբերությամբ հանուն Հայրենիքի...

Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու նախորդ ու գալիք սերունդներին, և արդեն մեկնարկել է Արցախյան շարժման նոր ու ավելի ծանր փուլը, որի վերջնարդյունքը մեծապես կախված է հենց մեր սերունդից:

Ի դեպ, ես Արցախյան շարժման մեկնարկի ծնունդ եմ և այդ համազգային զարթոնքը դիմավորել եմ մորս փորում, իսկ ՀՀ Սահմանադրության ընդունումից յոթ տարի առաջ՝ հուլիսհինգյան ծննդիցս հետո ծնողներս վերջին պահին անունս դրեցին Արտակ՝ մյուս քննարկվող տարբերակի՝ Արցախի փոխարեն: Այնպես որ ես ի ծնե, այնուհետև՝ գիտակից կյանքիս սկզբում երդում եմ տվել կյանքս նվիրել Հայրենիքին ու Արցախյան շարժմանը՝ մինչև հաջող վերջնարդյունք կամ ցմահ:

ԵՍ ԵՐԴՈՒՄԻՑ ՈՒ ՊԱՐՏՔԻՑ ՓԱԽՉՈՂ ՏԵՍԱԿ ՉԵՄ...»:

Հիշեցնենք՝ համաձայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության՝ դեկտեմբերի 1-ից Ադրբեջանի վերակսկողությանն է հանձնվել Լաչինի (Քաշաթաղի) շրջանը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ իր զինված ուժերի ստորաբաժանումներն այս գիշեր մուտք են գործել տարածք:

Ավելի վաղ Քաշաթաղի շրջանի վարչակազմը հայտնել էր, որ գույքի տեղափոխման համար կամավորների կարիք ունի:

Ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:

Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությամբ ամրագրված ժամանակացույցի համաձայն՝ մինչ այս՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, թշնամուն է հանձնվել Աղդամի շրջանը, դեկտեմբերի 25-ից էլ՝ Քելբաջարի/Քարվաճառի շրջանը:

Лента

Рекомендуем посмотреть