«Թուրքիան դաշնակից է, որը շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը»․ ԱՄՆ Սենատում Արցախին առնչվող քննարկում է եղել - RadioVan.fm

Онлайн

«Թուրքիան դաշնակից է, որը շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը»․ ԱՄՆ Սենատում Արցախին առնչվող քննարկում է եղել

2021-01-21 17:08 , Политика, 916

«Թուրքիան դաշնակից է, որը շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը»․  ԱՄՆ Սենատում Արցախին առնչվող քննարկում է եղել

Հունվարի 19-ին ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Անտոնի Բլինքենի հետ հարց ու պատասխանի ժամանակ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Ռոբերտ Մենենդեզը հարցեր է ուղղել կապված Ամերիկայի Միացյալ նահանգների (ԱՄՆ)-Թուրքիա հարաբերությունների, ինչպես նաև Արցախյան հիմնախնդրի ու Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։

«Սենատոր Մենենդեզը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական կեցվածքի վերաբերյալ իրեն հարակից գրեթե բոլոր տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում և Լիբիայում, Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու և Կիպրոսի սուվերեն ջրային տարածքներում։ Մենենդեզը հատուկ ուշադրություն դարձրեց Ղարաբաղյան վերջին պատերազմի վրա՝ դատապարտելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին զինումը ու պատերազմական գործողություններ հրահրելը:

Սենատորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Բայդենի վարչակազմը Թուրքիային «բաց աչքերով» է նայում, ինչին ի պատասխան Բլինքենն ասաց «Մենք «բաց աչքերով» ենք նայում: Թուրքիան դաշնակից է, որը, ինչպես Դուք ասացիք, շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը: Սա մեզ համար շատ կարևոր մարտահրավեր է, և մենք դրան շատ հստակ ենք նայում »։

Մենենդեզը նաև հույս է հայտնել, որ Սպիտակ տան վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նկատելով, թե ինչ դժվար է Հայաստանում ԱՄՆ դեսպանների համար այցելել Ցեղասպանության հուշահամալիր և չարտասանել ցեղասպանություն բառը։ Սենատորը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփի վարչակազմը Էրդողանին «գուրգուրում էր»։

Ի պատասխան սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Թուրքիայի նկատմամբ ռուսական S400 գնելու համար ամերիկյան պատժամիջոցների շարունակականության վերաբերյալ հարցին՝ Բլինկենը պատասխանեց. «Կարծում եմ, որ անընդունելի է այն, ինչ Թուրքիան արել է որպես ՆԱՏՕ-ի դաշնակից S-400- ները ձեռք բերելու հարցում: Այն գաղափարը, որ մեր այսօրվա ռազմավարական, այսպես կոչված, ռազմավարական գործընկերը իրականում համահունչ կլինի Ռուսաստանում մեր ամենամեծ ռազմավարական մրցակիցներից մեկին, ընդունելի չէ: Կարծում եմ, որ մենք պետք է նայենք և տեսնենք, թե ինչ ազդեցություն են ունեցել առկա պատժամիջոցները, և հետո պարզենք, թե կա՞ ավելին, որ պետք է արվի»,-մանրամասնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից՝ ընդգծելով, որ Հանձնախումբը շարունակելու է իր քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանն ուղղված աշխատանքները՝ Արցախյան հիմնախնդրի, ցեղասպանության ճանաչման, ադրբեջանաթուրքական տանդեմի նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Հայաստանին տրամադրվող Ամերիկյան օժանդակության մեծացման համատեքստում։

Հիշեցնենք՝ երեկ՝ հունվարի 20-ին, Վաշինգտոնում հանդիսավոր երդումով ԱՄՆ նախագահի և փոխնախագահի լիազորությունները ստանձնեցին դեմոկրատականներ Ջո Բայդենը և Քամալա Հարիսը: ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության արարողությամբ ավարտվեցին Միացյալ Նահանգները 4 տարի ղեկավարած Դոնալդ Թրամփի լիազորությունները։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ներկայացնելով, թե ինչ կտա Բայդենի նախագահությունը Հայաստանին՝ գրել է․

«Միանգամից ասեմ: Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ:

Ինչու՞․ եթե շատ կարճ, ապա ամերիկյան քաղաքականության ազդեցությունը Հայաստանի վրա ունի հետևյալ աստիճանակարգումը և այստեղ կա երեք բաղադրիչ։

1. Գլոբալ քաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա, տարածաշրջանային քաղաքականությունը և դրա ազդեցությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները: Նախ կանդրադառնամ առաջին երկուսին:

2. Բնական է, որ գլոբալ քաղաքականությունը, օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները իրենց ազդեցությունը կունենան մեզ վրա: Ռազմավարական դաշնակցի նկատմամբ տնտեսական ճնշումները, հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցները ուղիղ հարվածում են նաև մեր տնտեսությանը, իսկ լարված հարաբերություններն էլ ավելի են բարդացնում մանևրելու մեր հնարավորությունը:

Թուրքիայի պարագայում, կարծում եմ, նոր վարչակազմը նույնպես կփորձի հարաբերությունների հաստատման փորձեր ձեռնարկել Հայաստանի հետ:

3. Այսինքն գլոբալ քաղաքական գործընթացները մեզ վրա ազդեցություն ունենում են առանց մեր կամքի։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը կլինի «Метод кнута и пряника»՝ համեմված պրագմատիկ լուծումներով: Այսինքն թույլ կետերին մշտապես կխփեն, բայց ոչ շատ ուժեղ: Նոր վարչակազմը որոշ ուղղություններով կհամագործակցի ՌԴ-ի և Իրանի հետ, սակայն հարաբերությունների ամբողջական կարգավորում պետք չէ ակնկալել։ Նոր վարչակազմը նույնպես Ռուսաստանի հետ մնալու է մշտական մրցակից, Իրանի հետ՝ հակառակորդ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա կճնշեն այնքան բալանսավորված և վարպետորեն, որ ոչ իր տեղը մոռանա, ոչ էլ Ռուսաստանին շատ գրկախառնվի։

4. Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականության շտկումներ կլինեն, հաշվի առնելով վերջին պատերազմն ու դրանից հետո ձևավորված իրողությունները, ինչպես նաև ՄԽ համանախագահ լինելու և գործընթացներից որոշակիորեն դուրս մղված լինելու հանգամանքները: Սակայն գլոբալ փոփոխություններ, ինչպես արդեն նշեցի, պետք չէ ակնկալել:

Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին, (կամ դրա բացակայությանը) կանդրադառնամ հաջորդիվ»:

Лента

Рекомендуем посмотреть