«Մեզնից ուզում են խլել մեր ինքիշխանությունը, մեր հայրենիքը, որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող»․ Փաշինյանը Կութում ներկայացրել է վիճակը - RadioVan.fm

Онлайн

«Մեզնից ուզում են խլել մեր ինքիշխանությունը, մեր հայրենիքը, որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող»․ Փաշինյանը Կութում ներկայացրել է վիճակը

2021-05-27 14:49 , Политика, 1326

«Մեզնից ուզում են խլել մեր ինքիշխանությունը, մեր հայրենիքը, որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող»․ Փաշինյանը Կութում ներկայացրել է վիճակը

«Մեզնից ուզում են խլել մեր ինքիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեր հայրենիքը»,- այդ մասին այսօր Կութի բնակիչներին ասաց գյուղ այցելածՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը կութեցիների հետ զրույցում նկատեց, թե Ղարաբաղի հարցը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը չի կարգավորվել, որովհետև ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնել է Հայաստանը, այդ պահից սկսած Ադրբեջանը փորձել է ավելի մեծ զիջումներ կորզել։

«Այսօրվա իրավիճակը հստակ է՝ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այլ տեսակետ, կարծիք լինել չի կարող, որևէ զիջման մասին խոսք լինել չի կարող։ Միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի ԶՈւ-երը պետք է դուրս գան և այստեղ մեր հաստատակամությունը պետք է երևա, բայց չպետք է թույլ տանք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա»,-հայտարարեց վարչապտի պաշտոնակատարը՝ շեշտելով, որ այդ օրակարգը պետք է առաջ մղեն դիվանագիտական եղանակով։

«Հանկարծ չհավատաք որևէ դավադրության տեսության։ Էն, ինչ կա մեր մտքում մենք ձեզ ասում ենք»,-վստահեցրեց վարչապետի պաշտոնակատարը։

Կութեցիների հետ հանդիպման մանրամասները՝ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

Հիշեցնենք՝ «սահմանների ճշգրտման» պատրվակով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պետական սահմանը մայիսի 12-ին ապօրինաբար հատած ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ծառայողները ներխուժել ու կիլոմետրերով խորացել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում, ու, չնայած հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողություններին, շուրջ կես ամիս է՝ 16 օր, շարունակում են գտնվել մեր ինքնիշխան երկրի տարածքում:

Այս օրերին Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ արձանագրված ծեծկռտուքի դեպքերից զատ (Մայիսի 20-ին Սյունիքի Խոզնավար գյուղի պետական սահմանից 1.5 կմ առաջացած ադրբեջանցիների հետ ծեծկռտուքի հետևանքով 11 հայ զինվոր է վնասվածք ստացել) հակառակորդը նաև կրակոցներ է արձակել օդ, իսկ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածը հատած հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել, որի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։

Այսօր էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդեց, որ վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում (Կութ գյուղի հարևանությամբ-խմբ․) ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի ԶՈւ վեց զինծառայող։

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով ստեղծված վիճակին՝ հայտարարել է, որ կատարվածը գերեվարում չէ, այլ տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից։

Փաշինյանն այնուհետ այցելել է Կութ գյուղ՝ բնակիչներին հորդորելով միասնական լինել։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են զինծառայողներին դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթաց՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть