«Բոլորս մեկ նավի վրա ենք»․ Ուրիխանյանը, Սանասարյանը և Հայրապետյանը պատրաստ են գործակցել Փաշինյանի հետ - RadioVan.fm

Онлайн

«Բոլորս մեկ նավի վրա ենք»․ Ուրիխանյանը, Սանասարյանը և Հայրապետյանը պատրաստ են գործակցել Փաշինյանի հետ

2021-06-23 17:58 , Политика, 935

«Բոլորս մեկ նավի վրա ենք»․ Ուրիխանյանը, Սանասարյանը և Հայրապետյանը պատրաստ են գործակցել Փաշինյանի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, այսօր ընդունել է արտահերթ խորհրդարանական ընտրությանը մասնակցած «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանին, հետաքրքրվել Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ նրանց ունեցած դիրքրոշման մասին:

«Խորհրդարանում աշխատելիս մենք ունեցել ենք հնարավորություն՝ քննադատելու ձեզ, ձեր իշխանությունը, քննադատելու նաև ընտրարշավին նախորդող ժամանակաշրջանում, ու ըստ էության, այն, ինչ արձանագրվեց ընտրողի քվեով, հավանաբար նաև նշանակում է, որ կառավարությունն ինքն է որոշելու՝ այսուհետ լսել մեր ձայնը, մեր ասելիքը, մեր քննադատությունը կամ առաջարկները: Որովհետև մեր քննադատությունը, իհարկե, շատուշատ ժամանակ, եթե ոչ միշտ, տարբերվել է այլ քննադատություններից հենց բովանդակությամբ, առաջարկներով, հարցադրումներով և այլն: Ուստի, եթե կառավարությունը նպատակահարմար գտնի ականջալուր լինել, դա էլ կդառնա հենց, իմ կարծիքով, այն հնարավորությունը, որը կբերի էլ ավելի արդյունավետ փոխգործակցության, եթե այդպիսինը կարող է լինել, եթե ոչ՝ առնվազն ժողովրդի, երկրի համար նպաստավոր վիճակի հասնելու»,-կառավարության լրատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Տիգրան Ուրիխանյանը:

Միքայել Հայրապետյանն էլ նշել է, որ «Պահպանողական կուսակցության» համար, բացարձակապես վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները, ինչի մասին հաջորդ օրն իսկ իրենք հայտարարություն ենք արել՝ դրանով դադարեցնելով նախընտրական «Ազատ Հայրենիք» դաշինքում «Պահպանողական կուսակցության» ներկայությունը: Նա, միաժամանակ, նկատել է, որ ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության անհրաժեշտություն կա, նաև՝ հայկական ներուժի համախմբման, թվային Հայաստանի, նոր, արդի աշխարհի հետ խոսող Հայաստանի խնդիր կա։ Դա մարտահրավեր է: Այլապես մեր էթնոսը նոր ստեղծվելիք, արդեն իսկ շունչը զգացվող այս տարածաշրջանում ապագա չի կարող ունենալ: Մենք պետք է արդիականացվենք, բայց ոչ հիմնական արժեքները կորցնելով: Եվ այստեղ հիմնարար է հոգևոր անվտանգությունը, որը, ցավոք, մինչ այսօր բաց է մնացել:

«Մարտահրավերներին դիմակայելու համար «Պահպանողական» կուսակցությունը պատրաստ է ցանկացած մարտահրավերի պարագայում սատար լինել և օգտակար լինել, որովհետև մենք բոլորս մեկ նավի վրա ենք: Ինչպես որ Գարեգին Նժդեհն էր ասում՝ անկախ հայրենիքի վարչակազմից, հայրենիքին ծառայել է պետք, հայրենիքը սիրել է պետք, հայրենիքը մեր ընդհանուրն է, և մենք՝ Պահպանողականներս, պատրաստ ենք լծվելու այդ դիմագրավելու գործին»,-ասել է Հայրապետյանը։

Դավիթ Սանասարյանն էլ նշելով, որ իր հիմնադրած «Ինքնիշխան Հայաստանը» նորաստեղծ կուսակցություն է, որում հավաքված են մարդիկ, ովքեր անցել են և՛ ապրիլյան, և՛ 44- օրյա պատերազմներով, հավաքված են մարդիկ, ովքեր անցել են բոլոր պայքարների բովերով, շեշտել է, որ իրենց նաև համարում են 2018 թվականի հեղափոխության կրողները ու ամեն ինչ անելու են, որ հեղափոխության հարթակից այն ինչ որ խոսք են տվել իրենք և Փաշինյանը, իրականություն դառնան:

«Մենք ձեզ քննադատել ենք նաև տարբեր հարցերով՝ սկսած հեղափոխության հարթակից տված խոստումների կիսատ մնացած հարցից, այն հարցից, որ նախկին իշխանությունները՝ ժողովրդին կեղեքած, թալանած և ժողովրդի վրա ուժ գործադրած իշխանությունները, ոչ միայն չեն գտնվում համապատասխան քրեակատարողականներում, այլ նաև հայտ էին ներկայացրել ժողովրդից խլելու ժողովրդի իշխանությունը: Եվ հույս ունենք, որ այս հանդիպումները նոր մշակույթ են ստեղծելու, և այն մոտեցումները, այն ծրագրերը, այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք, անպայման ներկայացնելու ենք, որովհետև մեր համար խնդիրը այն չէ, թե որ քաղաքական ուժը, որ քաղաքական ուժին ինչ սուր քննադատություն է տալիս: Մենք նաև ամբողջ քարոզարշավի ժամանակ ժողովրդին խնդրել ենք, որ ծափ չտան ատելության քարոզ անողներին, ծափ չտան պառակտողներին և թշնամի ման եկողներին միմյանց մեջ: Մենք ասել ենք, որ Հայաստանում չունենք թշնամի և վստահաբար գնում ենք առաջ: Ինչպես Դուք նշեցիք, ունենք խնդիրներ. կան ընդդիմադիր ուժեր, որոնց հետ որևիցե քայլ մենք չենք պատկերացնում, բայց կան հարցեր, որոնք պետք է նստենք, միասին հասկանանք, որովհետև սա մեր պետությունն է, որևիցե մեկը մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր ուժերով կարողանանք դուրս գալ այս վիճակից»,-կառավարության լրատվության վարչության հաղորդմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է Սանասարյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ մասնակից 25 քաղաքական ուժերից քվեների 53,92%-ով հաղթող ճանաչված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ «նորընտիր խորհրդարանում կունենան սահմանադրական մեծամասնություն և կձևավորեն կառավարություն», նշել էր, որ պետք է զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով և առաջին օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն ընտրություններին մասնակցած «բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին»:

Երեկվանից նա արդեն հանդիպել է ընտրություններին, իր ներկայացրած ուժից բացի, մասնակցած 24 քաղաքական ուժի 11 առաջնորդի հետ։

Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը մերժել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը և «5165» շարժումը։

Лента

Рекомендуем посмотреть