Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում երեկվանից կրկին դադարեցվել է գազամատակարարումը․ կրկին բանակցություններ են վարվում - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում երեկվանից կրկին դադարեցվել է գազամատակարարումը․ կրկին բանակցություններ են վարվում

2022-03-22 11:16 , Политика, 914

Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում երեկվանից կրկին դադարեցվել է գազամատակարարումը․ կրկին բանակցություններ են վարվում

Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ երեկ երեկոյան դադարեցրել է գազամատակարարումը։

«Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի»,-ընդգծում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ իրավիճակի մասին անմիջապես տեղեկացվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, որի հետ միասին Արցախի իշխանությունները գործադրում են համապատասխան ջանքեր գազամատակարարման վերականգնման նպատակով:

Մինչ այս պահը, սակայն, որևէ նորություն չկա:

Հիշեցնենք՝ մարտի 8-18-ը Արցախը կրկին զրկված էր գազամատակարարումից․ մարտի 8-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ անցնող գիշեր վնասվել է Հայաստանից Արցախ գնացող գազատարի Շուշի-Զառիֆլու հատվածի խողովակը, այն հատվածի, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ էին ընթանում, որոնք արդյունք տվեցին 10 օր անց միայն․ Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հայտարարել էին, որ ադրբեջանական կողմը հանցավոր դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ գազի խողովակի «վթարի» վայրին։

Մարտի 16-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմը սկսել է Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18-ին, սակայն, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքների իրականացումից հետո միայն՝ մարտի 19-ին, արցախցիներին գազ մատակարարվեց։

Лента

Рекомендуем посмотреть