Վերսկսվել է Արցախի գազամատակարարումը Հայաստանից գնացող միակ գազատարով. Արցախի ԱԳՆ-ն երախտապարտ է համարժեք գնահատական տված երկրներին - RadioVan.fm

Онлайн

Վերսկսվել է Արցախի գազամատակարարումը Հայաստանից գնացող միակ գազատարով. Արցախի ԱԳՆ-ն երախտապարտ է համարժեք գնահատական տված երկրներին

2022-03-29 15:25 , Политика, 918

Վերսկսվել է Արցախի գազամատակարարումը Հայաստանից գնացող միակ գազատարով. Արցախի ԱԳՆ-ն երախտապարտ է համարժեք գնահատական տված երկրներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) տարածել է հայտարարություն՝ Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով մարտի 21-ից կրկին դադարեցված գազամատակարարման վերականգնման կապակցությամբ։

Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։

Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։

Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ։

Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական, ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»։

Նշենք՝ Եվրամիությունը մտահոգություն էր հայտնել Ստեփանակերտում գազամատակարարման խափանման մասին հաղորդումներով՝ կոչ անելով «վերահսկող իշխանություններին վերականգնել Ստեփանակերտի գազամատակարարումը»։

Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման խնդրին անդրադարձել էին միջազգային իրավապաշտպան Freedom House և Human Rights Watch կազմակերպությունները՝ դատապարտելով այն։

Лента

Рекомендуем посмотреть