Եվրամիությունը կոչ է անում վերահսկող իշխանություններին վերականգնել Ստեփանակերտի գազամատակարարումը․ Պետեր Ստանո - RadioVan.fm

Онлайн

Եվրամիությունը կոչ է անում վերահսկող իշխանություններին վերականգնել Ստեփանակերտի գազամատակարարումը․ Պետեր Ստանո

2022-03-23 16:24 , Политика, 1091

Եվրամիությունը կոչ է անում վերահսկող իշխանություններին վերականգնել Ստեփանակերտի գազամատակարարումը․ Պետեր Ստանո

Եվրոպական միության (ԵՄ) արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն հայտնում է, որ Եվրամիությունը մտահոգված է Արցախում կրկին գազամատակարարումը դադարեցնելու մասին հաղորդումներով և կոչ է անում շտապ վերականգնել այն։

«Մարտի 8-ին գազի մատակարարման առաջին ընդհատումից հետո ԵՄ-ն խրախուսեց Ադրբեջանի ակտիվ ներգրավվածությունն այդ հարցում, ինչի արդյունքում մեկնարկեցին վերանորոգման աշխատանքները և մարտի 19-ին վերականգնվեց գազի մատակարարումը: Հրատապ անհրաժեշտություն է՝ անհապաղ վերսկսել տուժած բնակչության գազամատակարարումը, հատկապես վատ եղանակային պայմանների համատեքստում, և ԵՄ-ն կոչ է անում գազատարը վերահսկող իշխանություններին դա թույլ տալ»,-ասված է Ստանոյի հայտարարությունում, որի մասին նա գրել է նաև Twitter-ում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում մարտի 21-ից կրկին դադարեցվել է գազամատակարարումը. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։

Արցախի արտգործնախարարությունը խստիվ դատապարտել է Ադրբեջանի մարդասիրական այդ ահաբեկչությունը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով դիմելով միջազգային հանրությանը։

ՀՀ արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ «ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է գազամատակարարմանն առնչվող Հայաստանի մեղադրանքները՝ խորհուրդ տալով մեր երկրին «ապահովել ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ դուրս բերել զինված ուժերի մնացորդները տարածաշրջանից»։

Лента

Рекомендуем посмотреть