«Ռուսաստանը զենք չի տալիս նրանց, որոնց դեմ կռվում է թուրքական բանակը»․ դեսպան Երխովը՝ ռուսների շրջանում «Բայրաքթար»-ների՝ Ուկրաինա առաքումների ցավագին ընկալման մասին - RadioVan.fm

Онлайн

«Ռուսաստանը զենք չի տալիս նրանց, որոնց դեմ կռվում է թուրքական բանակը»․ դեսպան Երխովը՝ ռուսների շրջանում «Բայրաքթար»-ների՝ Ուկրաինա առաքումների ցավագին ընկալման մասին

2022-04-04 14:21 , Мир, 1612

«Ռուսաստանը զենք չի տալիս նրանց, որոնց դեմ կռվում է թուրքական բանակը»․ դեսպան Երխովը՝ ռուսների շրջանում «Բայրաքթար»-ների՝ Ուկրաինա առաքումների ցավագին ընկալման մասին

Թուրքական «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաքումներն Ուկրաինա ցավագին են ընկալվում ռուս հասարակության մեջ։

Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպան Ալեքսեյ Երխովը՝ Aydinlik թերթին տված հարցազրույցում։

«Չեմ կարող չանդրադառնալ մի հարցի, որն ինձ այստեղ հաճախ են տալիս՝ ինչպե՞ս ենք վերաբերվում Ուկրաինային թուրքական «Բայրաքթար»-ների մատակարարմանը: Դե ինչ, ես լիովին անկեղծ կլինեմ. դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ռուսական հասարակությունում որքան ցավագին են ընկալվում այդ առաքումները: «Բիզնեսը բիզնես է» բացատրությունները չեն հասկացվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին, դրա համար էլ դրանք գնվում են։ Ի դեպ, հիշում եմ՝ Թուրքիայի դաշնակցի դերին հավակնող մի երկիր սովորություն ունի մեծ քանակությամբ զենք փոխանցել նրանց, ում հետ կռվում են «մեհմեդները», իսկ դա Անկարային այնքան էլ դուր չի գալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ մեզ պետք է դուր գա»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շեշտել է դիվանագետը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը զենք չի տալիս նրանց, որոնց դեմ կռվում է թուրքական բանակը, և Թուրքիան դա լավ գիտի։

Գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիան վերջին տարիներին հիմնել է մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրություն ոչ միայն իր զինված ուժերի կարիքները հոգալու, այլ նաև արտահանման համար։ Այս պահին արդեն վեց պետություն ունի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր՝ Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան։ Այս տեսակի անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում մարտական գործողություններում։

Հավելենք՝ Ադրբեջանը Արցախի դեմ Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչուները կիրառել է ոչ միայն 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացում, այլ նաև բոլորովին վերջերս․ Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես՝ Bayraktar TB-2-ի կիրառման հետևանքով մարտի 25-ին մահացու վիրավորում ստացան Պաշտպանության բանակի երեք պայմանագրային զինծառայողներ։

Лента

Рекомендуем посмотреть